Վահե Ղազարյանը ՆԳՆ կրթահամալիրում հանդիպել է ապագա քրեական ոստիկանների հետ

ՆԳՆ-ից հայտնում են՝ հուլիսի 29-ին նախարար Վահե Ղազարյանը ՆԳ նախարարության կրթահամալիրում հանդիպել է նոր ձևավորվող Քրեական ոստիկանության ընդունելության մրցույթը հաղթահարած ոստիկանների հետ: 


ՆԳ նախարարը շնորհավորել է քրեական ոստիկաններին՝ ընդունելության փուլերի հաղթահարման և ուսումնական գործընթացի մեկնարկի կապակցությամբ։


Վահե Ղազարյանն ընդգծել է ՆԳ նախարարության ոստիկանության չորս հենասյունային ուղղությունների շարքում նոր ձևավորվող մասնագիտացված ծառայության առանձնահատկությունը՝ նշելով, որ ստորաբաժանման կայացման գործում կարևոր դերակատարում պետք է ունենա յուրաքանչյուր ոստիկան։


ՆԳ նախարարը կարևորել է ոստիկանների և քաղաքացիական անձանց գիտելիքների ու աշխատանքային փորձի համատեղումը՝ նշելով, որ քրեական ոստիկանի նոր կերպարի ձևավորման գործընթացում ընտրվել են լավագույնները։


Վահե Ղազարյանը մատնանշել է քրեական ոստիկանների պրոֆեսիոնալիզմի և կարողությունների շարունակական կատարելագործման անհրաժեշտությունը՝ անդրադառնալով վերապատրաստումների անցկացման գործընթացին։


Նա հանդիպման մասնակիցներից հետաքրքրվել է Քրեական ոստիկանությունում ծառայության անցնելու մոտիվացիայից, ակնկալիքներից։


Հանդիպմանը ներկա էին ՆԳ նախարարության ոստիկանության պետի տեղակալներ Վարդան Վարդանյանը, Կարեն Հակոբյանը, Արթուր Խուդինյանը, ՆԳՆ կրթահամալիրի պետ Մանուկ Մուրադյանն ու ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության պետ Վաղինակ Մարտիրոսյանը։


ՆԳ նախարար Վահե Ղազարյանը պատասխանել է ապագա քրեական ոստիկանների հարցերին: Նա վերստին ընդգծել է քրեական ոստիկանությունից ակնկալվող նախարարության պահանջները: