Թեհրանում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԻԻՀ նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի հանդիպումը:
Հանդիպմանն Իրանի նախագահը շնորհակալություն է հայտնել վարչապետ Փաշինյանին հրավերն ընդունելու և աշխատանքային այցով Իրան ժամանելու համար: Մասուդ Փեզեշքիանը հավելել է, որ Իրանը կարևորում է բարեկամ Հայաստանի հետ քաղաքական, տնտեսական և հումանիտար ոլորտներում հարաբերությունների շարունակական զարգացումը։
Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Մասուդ Փեզեշքիանին ջերմ հյուրընկալության համար ու ևս մեկ անգամ շնորհավորել նրան ԻԻՀ նախագահ ընտրվելու առթիվ։ Վարչապետն ընդգծել է, որ Իրանի հետ բազմակողմանի համագործակցությունը մեր երկրի համար ունի կարևոր նշանակություն, որը խարսխված է փոխադարձ հարգանքի և ըմբռնման վրա։
Մասուդ Փեզեշքիանը վերահաստատելով նախկինում բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունները՝ նշել է. «Մեր երկու ժողովուրդների դարավոր բարեկամությունը, պատմական և մշակութային սերտ առնչությունները հիմք են հանդիսանում երկկողմ փոխգործակցությունն առավել զարգացնելու համար։ Մենք պատրաստակամ ենք համատեղ ջանքերով շարունակելու մեր երկխոսությունը և առավել հարստացնելու երկկողմ համագործակցության օրակարգը»:
«Այն, որ այսօր ես այստեղ եմ, վկայում է Հայաստանի և ԻԻՀ-ի միջև ամենաբարձր մակարդակով հարաբերությունները խորացնելու, համագործակցությունն ամրապնդելու մեր հանձնառությունը»,- նշել է վարչապետ Փաշինյանը։