Կառավարությունը սահմանել է ռազմական կարիքների համար փորձանմուշների, լրամասերի և բաղադրիչների արտադրության, ֆինանսավորման կարգ։ Կառավարության օգոստոսի 1-ին նիստի ժամանակ նախագիծը ներկայացրեց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։
«Նախագծի մշակումը պայմանավորված է ռազմական կարիքների համար հատուկ գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների իրականացման հայտերի ձևավորման, ֆինանսավորման և կատարման կարգի մշակման համար իրավական հիմք ստեղծելու անհրաժեշտությամբ, որով կսահմանվեն այս իրավահարաբերությունները կարգավորող դրույթներ։ Տեղեկացնեմ, որ այս աշխատանքն այսօր էլ իրականացվում է, սակայն այն արվում է մի կողմից ԲՏԱ նախարարության ռազմարդյունաբերության կոմիտեի, մյուս կողմից մասնավոր հատվածի ռազմարդյունաբերողների միջև բանավոր աշխատանքի միջոցով։ Աշխատանքի մեջ որոշակի տարընկալումներից խուսափելու նպատակով ցանկանում ենք ստեղծել ինստիտուցիոնալ հենք, մշակել համապատասխան կարգեր, որոնցով ռազմարդյունաբերողները կառաջնորդվեն։ Նրանք հստակ պատկերացումներ կունենան գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների համար դիմելու հայտերը ինչպես են ձևավորվում, ֆինանսավորվում և կատարվում»,- ընդգծեց Հայրապետյանը։