Սերժ Սարգսյանի եղբայր Սաշիկը, որդիները, կինը, ևս մեկ փոխկապակցված անձ կանչվել են ՀՀ դատախազություն

Նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր, ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Ալեքսանդր Սարգսյանը (հայտնի որպես Սաշիկ), նրա որդիները՝ Հայկ և Նարեկ Սարգսյանները, կինը՝ Ավրիգա Սարգսյանը և ևս մեկ փոխկապակցված անձ՝ Սոնա Բաղդասարի Սարգսյանը, կանչվել են ՀՀ դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռգնագանձման գործերով վարչություն։ Այս մասին civic.am-ը տեղեկացավ  «Ազդարար» հարթակից։ Մասնավորապես Սոնա Սարգսյանի, Ավրիգա Սարգսյանի, Նարեկ և Հայկ Սարգսյանների գույքերը, ըստ նրանց հասցեագրված ծանուցագրերի, ենթական են բռնագանձման։

 

«ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում Ալեքսանդր Ազատի Սարգսյանին պատկանող գույքի առնչությամբ իրականացվում է ուսումնասիրություն, որոի արդյունքում կազմվել է ամփոփագիր, ինչի հիման վրա Ձեր անվամբ հաշվառված գույքը հանդիսանում է բռնագանձման առարկա»,-մասնավորապես նշված է Սարգսյանի ընտանիքի անդամներին ուղարկված ծանուցագրերում։

 

Նշենք, Սարգսյանները պետք է Դատախազության հիշյալ վարչություն ներկայանան ս․թ․ օգոստոսի 13-ին։ Նրանք բոլորը հաշվառված են Երևանի Թումանյան փողոցի վրա գտնվող բնակարաններից մեկում։

 

Նշենք, որ 2018-ի հեղափոխությունից հետո ամիսներ շարունակ հետախուզման մեջ գտնվելուց հետո Նարեկ Սարգսյանը հայտնաբերվել էր Չեխիայում՝ ներկայացնելով Գվատեմալայի քաղաքացու կեղծ անձնագիր՝ Ֆրանկլին Գոնսալես անվամբ։ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործով 2018թ․ հունիսից Հայաստանի իրավասու մարմինների կողմից հետախուզման մեջ գտնվող Ն․ Սարգսյանը 2019թ․ դեկտեմբերի 21-ին արտահանձվել էր Հայաստան, և նրան վերջնական մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու և թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելու հատկանիշներով): 2021-ի հունիսին նա դատապարտվել է 5․6 տարվա ազատազրկման։

 

 

 

Նկատենք, որ Սերժ Սարգսյանի մյուս եղբոր՝ Լևոն Սարգսյանի, նրա զավակների ունեցվածքի վերաբերյալ գործն էլՀակակոռուպցիոն դատարանում է։ Լյովա Սարգսյանի մասով դատախազությունը ապօրինի է համարում մեկ բնակարան, ավտոմեքենա, նաև առևտրային բանկում պահվող 3 միլիոն 500 հազար դոլարի ավանդ: Որդուց՝ Նարեկ Սարգսյանից պետությունն ավելի մեծ պահանջներ ունի՝ ապօրինի է համարում նրա 8 անշարժ գույքը՝ դրանց մեկ մասը Արմավիրում է, 1-ը Երևանի կենտրոնում՝ Բյուզանդի փողոցի վրա, 2 հողամաս` Ֆուչիկի փողոցում, մեկ հողամասն էլ Դիլիջանում, մեկ մեքենա և 2.5 միլիոն դոլարի ավանդ։ Անի Սարգսյանի դեպքում ապօրինի է որակվել միայն 760 հազար դոլարի ավանդը։ երեք վարույթների արդյունքում անշարժ կամ շարժական գույքերի և մեկ ընկերության շուկայական արժեքը 1 միլիարդ 260 միլիոն դրամ է կազմում։

 

 

Լյովա Սարգսյանը աշխատանքային գործունեությունը սկսել է 1981 թվականին։ Տարբեր տարիներին եղել է մի քանի երկրների Հայաստանի դեսպանը կամ հյուպատոսը։ Գույքերը, որոնք չեն հիմնավորվել Սարգսյանի օրինական եկամուտներով, ձեռք են բերվել 2003 թվականից հետո։ Նախկին դեսպանը 2018-ի հուլիսից հետախուզման մեջ է․ նա մեղադրվում է «Հյուսիս-Հարավ»-ի շինարարության գործընթացում չարաշահումների, ապօրինի հարստացման և փողերի լվացման մեջ։