Հայտնի են ՔՊ ընդդեմ «Հայելի ակումբ»-ի, «24news.am»-ի դատական նիստերի օրերը․ ՔՊ-ն ևս մի քանի այլ ԶԼՄ-ներից պահանջում է հերքում և փոխհատուցում




«Քաղաքացիական պայմանագիր» կուսկացությունն ընդդեմ «Հայելի ակումբ»-ի քաղգործով դատարանը հերթական նիստի օր է նշանակել՝ սթ նոյեմբերի 5-ին։ Նշենք, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի (նախագահող դատավոր Ռ. Բունիաթյան) վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընդդեմ «Հայելի ակումբ» ժողովրդավարության աջակցության հասարակական կազմակերպության՝ զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հերքելուն և փոխհատուցում (200 հազար դրամ) վճարելուն պարտավորեցնելու պահանջների մասին։ Բացի հիշյալ ՀԿ-ից՝ ՔՊ-ն հույն հայցապահանջով քաղհայցեր է ներկայացրել նաև ընդդեմ «Իրավաբանների հայկական ասոցացիա» հասարակական կազմակերպություն, «Newsam», «24news.am" և «168 ժամ» կայքերի։

 

Հիշեցնենք,  որ նախորդ տարվա մարտի 26-ին Սիսիան համայնքներում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերից մեկի՝ «Քաղաքացու որոշում» ՍԴԿ նախընտրական շտաբը հայտարարություն էր տարածել «ինչ-որ ցուցակների» մասին, որը մի շարք ԶԼՄ-ներ, այդ թվում՝ վերոհիշյալ կայքերը տարածել էին «ՔՊ-ն ընտրակաշառք է բաժանում» վերնագրով՝ մանիպուլացնելով հանրային կարծիքը։ Մինչդեռ հիշյալ կուսակցության նախընտրական շտաբի հաղորդագրության մեջ մասնավորապես ասված էր «Ընտրատեղամասերի հարակից տարածքներում անհասկանալի գործառույթով տևական ժամանակ գտնվող և ՔՊ կուսակցությունը ներկայացնող, համայնքային, պետական հիմնարկների աշխատող անձանց մոտ առկա են ինչ-որ ցուցակներ, որոնք, հնարավոր է, ընտրակաշառք ստացած քաղաքացիների տվյալներ են պարունակում»։

 

 Տեղեկացնենք, որ վերոհիշյալ կայքերի դեմ ներկայացված հայցերը ընդունվել են վարույթ, տեղի են ունեցել մի քանի դատական նիստեր։ Մասնավորապես ՔՊ-ն ընդդեմ «24newsam»-ի գործով էլ դատարանը նախնական դատական նիստի օր է նշանակել սթ սեպտեմբերի 4-ին։