14 պաշտոնատար անձ, 168 զինվորական ծառայող․ Քանի՞ անձ է դատապարտվել հունվար հունիսին

Այս տարվա 6 ամիսների ընթացքում 2405 անձ է դատապարտվել, 8 անձ արդարացվել է, 15 անձի նկատմամբ, մեղսունակության վերդիկտի հիման վրա, դատարանը կայացրել է բժշկական հարկադրանքի դատավճիռ: Դատապարտվածների ընդհանուր թվաքանակից 348-ի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել (7-ը՝ անչափահաս), 1-ի նկատմամբ կիրառվել է համաներման ակտ: Այս տվյալներին  civic.am-ը տեղեկացավ ՀՀ վիճակագրական կոմիտեի՝ «ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը 2024 թվականի հունվար-հունիսին» հրապարակումից։

 

Դատապարտվածների ընդհանուր թվից մասնավորապես 14-ը  պաշտոնատար անձինք են, 168-ը՝ զինվորական ծառայողներ, ճնշող մեծամասնությունը՝ 1 720 անձ, չաշխատող և չսովորող աշխատունակներ, 8-ը՝ մինչև 18 տարեկան սովորողներ, 7-ը՝ 18 և բարձր տարիքի սովորողներ, 488-ը՝ այլ։  

 

Հաշվետու ժամանակաշրջանում ազատության, պատվի, արժանապատվության, ֆիզիկական կամ հոգեկան անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործություններ կատարած 100 անձ է դատապարտվել, սեռական ազատության և սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործություններ  կատարած 9 անձ, որոնցից 5-ը՝ 50 և ավելի բարձր տարիքի անձինք, առողջության դեմ ուղղված հանցագործություններ կատարած՝ 41 անձ, զինվորական ծառայություն անցնելու կարգի դեմ ուղղված հանցագործություններ կատարած՝ 103 անձ։  Ամենամեծ թվով դատապարտվածները  երթևեկության անվտանգության և տրանսպորտի շահագործման սահմանված կարգի դեմ ուղղված հանցագործություններ կատարած անձինք են՝  1 545 հոգի։ 

 

Մասնավորապես թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների, պրեկուրսորների, խիստ ներգործող կամ թունավոր նյութերի օրինական շրջանառության դեմ ուղղված հանցագործություններ կատարած և դատապարտված  309 անձ եղել է ՀՀ քաղաքացի, 1-ը՝ երկքաղաքացի, 2-ը՝ օտարերկրյա քաղաքացի։ Հիշյալ հանցագործությունները կատարած 70 անձ ազատազրկվել է, 23-ը՝ դատապարտվել  հանրային աշխատանքների, 8-ի նկատմամբ կիրառվել է ազատության ժամանակավոր սահմանափակում, 13-ի նկատմամբ ՝ կարճաժամկետ ազատազրկում, 198-ի նկատմամբ՝ տուգանք։ Ըստ ՎԿ-ի՝ թմրամիջոցների շրջանառության դեմ ուղղված հանցագործություն կատարած անձանցից 7-ը կանայք են, 5-ը՝ մինչև 18 տարեկան անձինք, 66-ը՝ 18-29 տարեկաններ, 100-ը՝ 30-39 տարեկան, 62-ը՝ 40-49 տարեկաններ, 79-ը՝ 50 և բարձր տարիքային խմբի անձնք։   

 

ՀՄ