Գալստանյանը թող հրապարակի այն մուրհակները, ՀԴՄ կտրոնները, որոնք կապացուցեն՝ իշխանությունը $50 մլն է ծախսել «սրբազան շարժումը» «սևացնելու» նպատակով

Ընդդիմադիր հոգևորական Բագրատ Գալստանյանը, պարզվում է, հաշվելուց թույլ է։ Ոչ միայն քաղաքական հաշվարկներում է սարսափելի կաղում, այլև՝ փող հաշվելիս, մասնավորապես երբ այդ փողը դոլարով է, դրա ծախսման նպատակը՝  քարոզչական,  թիրախը՝ «սրբազան շարժումը»։  (Ի դեպ, հոգևորականի մաթեմատիկական ոչ բավարար կարողությունների մասին է վկայում նրա կենսագրականի հայտնի  դրվագը դպրոցն ավարտելուց հետո  Ժողտնտեսության ինստիտուտ  ընդունվելու համար  դիմած Վազգեն Գալաստանյանը մաթեմատիկայի քննությունից ցածր է ստացել, թեև իր ուժերի վրա վստահ էր ու բարձր թվանշան էր ակնկալում): Մարզա-մայրաքաղաքային տուրերի շրջանակներում ելույթներ ունեցող արքեպիսկոպոսը  շաբաթներ առաջ հայտարարել էր,  թե իշխանությունը ահռելի՝ 50 միլիոն դոլար է ծախսել  շարժումը սևացնելու, անվանարկելուհամար։ Այս՝ հնչեցված թվին, նկատենք,  նույնիսկ սրբազանի  շարժմանը միացած որոշ ընդդիմադիր գործիչներ փռթկոցով արձագանքեցին (օֆ ռեքորդ)՝ ակնարկելով, որ «ծերուկը» կամ  չափազանց թերարժևորել է 50 միլիոն դոլարը, կամ էլ գերարժևորել է ինքզինքն ու  իր ղեկավարած շարժումը։ Մասնավորապես «Դեմոկրատական այլընտրանք»-ի նախագահ Սուրեն Սուրենյանցը Հ1-ի եթերում օրերս  հայտարարել է՝ «դու եղիր արդյունավետ, 50 չէ, 500 միլիոն էլ ծախսեն, որևէ բանի դա չի բերի։ Հայաստանի քարոզչական դաշտում 50 միլիոնը չափազանց մեծ գումար է, դա մի ամբողջ` ընդհանուր  ընտրական ցիկլի վրա նույնիսկ չի ծախսվում, մենք շատ փոքր ինֆորմացիոն շուկա ունենք, 50 միլիոնը չափազանց լուրջ թիվ է՝ նույնիսկ դոլարի խիստ արժեզրկման պայմաններում։ Երբ որ երևա շարժման նպատակը, իշխանությունը հակաթույն չի կարող ունենալ»։ 

 

Մոլորության մեջ գտնվող  սրբազան հայրը միլիոնների թեման  օրեր առաջ Մարտունիում բնակիչների հետ հանդիպման ժամանակ է վերստին արծարծել«Մեկ ամսվա ընթացքում «նեռն»՝ իր գործակալներով, 50 միլիոն դոլարին մոտ գումար են ծախսել՝ տեղեկատվական արշավի մեջ մտնելու, սևացնելու մեզ։ Ընդամենը 20 տոկոս էլ չեն կարողացել վնաս տալ․․․ Մենք դիմացն ի՞նչ ենք ծախսել մինչև այսօր, որ ասեմ՝ կխնդաք, սկի կես միլիոնի էլ չի հասել մեր ծախսածը։ Դուք եք ծախսել՝ սկսած հացից ջրից, մինչև բեմ։ Պայքարի գեղեցկությունը, ճշմարտությունն այն է, որ նյութական միջոցները որևէ դերակատարություն չեն խաղացել, բայց անհրաժեշտ են։


 Կազմակերպությունները, կուսակցությունները, անհատները իրենք են արել, մենք որևէ մեկին որևէ պահի ինչ-որ բանի համար գումար չենք տվել։ Մարդիկ հեռու տեղից եկել են, մնալու հարցի, սննդի համար իրենք են կարգավորել․․․․ Մենք հազարավոր դոլարներ չենք տվել, ֆեյք պրոֆիլ դարձրել մարդկանց։ Սրանք հազարավոր մարդկանց են փչացրել»։ Ընդդիմադիր շարժում ղեկավարող եկեղեցու սպասավորը, փաստորեն, լա՜վ էլ իրազեկված է շարժման հաշավապահությունից։ 

 

Նախօրեին էլ լրագրողների հետ զրույցում Գալստանյանն, ի պատասխան հարցի՝ ինչքա՞ն գումար է հավաքվել  «չարքի դեմ պայքարը ավարտին հասցնելու համար» մեկնարկած համազգային դրամահավաքի  ժամանակ՝ անտեղյակություն է խաղացել։ «Ես տեղյակ չեմ՝ էս պահին ինչքան է հավաքվել, իրենք էնքան անուղեղ են, որ ես չեմ էլ հետաքրքրվում էդ բաներով, չգիտեմ էդ մասին։ Ով որ զբաղվում է, նա էլ կասի երևի։ Բայց խնդիրը դա չէ»։ Ապա, սահուն կերպով խոսակցությունը թեքել է դեպի «բուրդն ու ոջիլը», ներողություն՝ «50 միլիոնը»՝ ծոր տալով «Թող իրենք ասեն, թե ինչքան գումար են իրենք ծախսել էս ընթացքում և որտեղից, միլիոնները, ես հրապարակային հարց եմ դրել, թող հաստատեն կամ հերքեն, ցույց տան։ Խնդիրը դա է, թե իրենք որտեղից են էդ գումարները ծախսել հատկապես տեղեկատվական, ինչքան գումար են ծախսել ոստիկաններին վճարելով»։ Դիտարկմանը, թե՝ «դրանք ստվերային գումարներ ե՞ն, թե՞ բյուջեով նախատեսված»,  պետբյուջեի կառուցվածքից,  ոստիկանության ծառայողների վարձատրության կարգից անտեղյակ, բայց վարչապետ դառնալու հավակնություններ ունեցող սրբազանն արձագանքել է «Թող ասեն, բյուջեով կա՞ 50 միլիոն, ասենք, ծախսել էս ինչ բանի վրա, տեղեկատվական արշավի վրա՝ ջախջախելու համար՝ «իրենց մտքով», չկա, չէ՞․․․ Կիրանցում էդ գումարները որ ծախսել են, որտեղի՞ց են ծախսել, 50 հազար դոլար առաջարկած, կամ էն մնացած մեծ-մեծ գումարները, ո՞ր գծով են ծախսել, ո՞ր տողով։ Կա՞,  խնդիրը այդտեղ է»։ Փաստրեն, Գալստանյանին թվում է, թե կառավարությունն ահաբեկված է  առավելագույնը 32 հազար հոգու մասնակցությամբ  հանրահավաք արած, ամեն հերթական հավաքի ժամանակ աջակիցների թվի նվազում արձանագրած, «թեթև քաշային» շարժման փաստից ու որոշել է ահռելի միջոցներ  (50 հազար դոլար էլ չէ՝ 50 միլիոն դոլար) վատնել այն սևացնելու վրա։ Այն դեպքում, երբ շարժման մասնակից, դրա  թիկունքում կանգնած  հայտնի սուբյեկտները իրենք իրենցով  արդեն իսկ սևացնում էին շարժումը՝ իշխանության համար անելիք չթողնելով։ Գերարժեքության բարդույթով տառապող եկեղեցականի սույն պնդումը  մեզ հիշեցրեց ճապոնական հայտնի ասացվածքը՝ «մոծակն արժանի չէ մուրճով սպանվելու»։  Այսինքն, չնչին, աննշան  երևույթների դեմ պայքարելու  համար պետք են չնչին ծախսեր ու ջանքեր, և ամենևին կարիք չկա, ասենք, ատոմային ռումբ կիրառել տզզան արարածի հարցերը լուծելու համար։  Կարծում ենք՝ ասվածն ավելի քան պերճախոս է, մանրամասնելու կարիք չկա։

 

Սրբազանը եթե իրապես  ստի ու կեղծիքի դեմ պայքարի առաջամարտիկ է իրեն համարում, ապա պարտավոր է  ապացույց իր խոսքերի  ճշմարտացիության հրապարակել այն մուրհակները, ստացականները, բանկային փոխանցումների խտանկարները (սքրին շոթ) կամ ՀԴՄ կտրոններն ու պայմանագրերի պատճենները, որոնք կապացուցեն, որ իշխանությունը  50 միլիոն դոլարի ծախս է արել  շարժումը «սևացնելու» նպատակով (եթե այդպիսի թիվ է հրապարակվում, նշանակում է՝ շարժման կազմկոմիտեում  նստել, կոնկրետ հաշվարկներ են արել,  ունեն անառարկելի փաստեր ու ապացույցներ)։  Իսկ եթե չներկայացնի, ապա դա կնշանակի մեկ բան՝ սրբազանը շարքային զրպարտախոս է, շառլատան և   զբաղված է սուտ ու ակնհայտ կեղծիք տիրաժավորելով։ Իսկ նման արարաքները, ինքն էլ գիտի (քանի որ  արդեն իսկ հայցեր է ներկայացրել դատարան), որ ենթադրում են պատասխանատվություն ՀՀ  քաղաքացիական օրենսգրքի համապատասխան հոդվածներով։  Որոշ դեպքերում էլ՝ Քրեական օրենսգրքի։  

 

Ի դեպ, սրբազանը փողային թեմայով անկեղծության ևս մեկ ցնցող փայլատակում է ունեցել՝ (ի լրումն   համազգային դրամահավաքի մասին հարցին տրված պատասխանի)։ «Ես պատրոն էլ չունեմ, երանի որ ունենայինք պատրոններ, որ գումարները տային ու սրանց հարցերը ավելի շուտ լուծեինք (մարմինը թեթևակի ցնցելով-խմբ)»։

 

«Եթե շատ փող ունենայիք, ի՞նչ կանեիք»։  «Շատ ավելի մարդիկ կգային»։ «Բայց գումարի՞ց է կախված մարդկանց գալը»։ «Նաև (հարցից  անակնկալի եկած-խմբ)։  Բա հսկայական ծախսեր կան անելու, չէ՞, հսկայական ծախս չկա՞, չկա՞ անելու, կա՜, շա՜տ, շա՜տ»։

 

Հետաքրքիր է՝ ո՞ր  ուղղությամբ արվելիք «հսկայական ծախսերի» մասին է ակնարկում սրբազան հայրը, չլինի՞ թե շարժման միջոցառումներին մասնակցելու համար մարդկանց նյութապես շահագրգռելու՝ «բազմամարդ հանրահավաքի» էֆեկտ ստանալու ու վարչապետի հրաժարականը  պահանջելու համար։ Չենք պնդում, նրա խոսքից ենք բխեցնում։ 

 

Նկատենք, որ ՔԿ-ն քրեական վարույթ է  հարուցել հիշյալ շարժման հավաքներին, անհնազանդության ակցիաներին մասնակցելու համար  հնարավորինս մեծ թվով մարդկանց մասնակցությունն ապահովելու նպատակով  նյութապես շահագրգռելու համար, հրապարակվել են ձայնագրություններ, կան կալանավորված անձինք։

 

Հ․Մանուկյան