Այսօր՝ օգոստոսի 10-ին, լրանում
է Հայաստանի ժողովրդական արտիստ ռեժիսոր, սցենարիստ, Երևանի պատվավոր քաղաքացի Երվանդ
Մանարյանի ծննդյան 100-ամյակը։ Երվանդ Մանարյանը ծնվել է Իրանի Արաք քաղաքում։
1946 թվականին ներգաղթել է Հայաստան, սովորել Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում։
Որպես դերասան և ռեժիսոր աշխատել է Երևանի Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի
թատրոնում և Գ. Սունդուկյանի անվան թատրոնում։ 1957-1959 թվականներին եղել է Հովհաննես
Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գլխավոր ռեժիսորը, 1988 թվականին էլ հիմնադրել
է «Ագուլիս» տիկնիկային թատրոն-ստուդիան։
Սիրված արտիստի ծննդյան 100-ամյակի
առիթով Հովհաննես Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոնի դիմաց՝ հենց մայթի վրա
կտեղադրվի Երվանդ Մանարյանի արձանը։ Նախաձեռնությունը Հովհաննես Թումանյանի անվան ազգային
տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանինն է։
«Երվանդ Մանարյանին իր կեցվածքով,
իր բնույթուվ, ես կհամեմատեի Հովհաննես Թումանյանի հետ, անկեղծ ասած, երբ մի մարդու
մեջ կար մեծագույն արվեստագետ և քաղաքացի և մտավորական։ Իր ամբողջ կյանքով նա դա ապացուցեց։
Ես հպարտությամբ եմ ասում, որ նա իմ ուսուցիչն էր, չնայած իր մոտ չեմ սովորել երբևիցե,
պարզապես իմ բախտը բերել է, որ ես եկել եմ թատրոն և նա էր թատրոնում գլխավոր ռեժիսոսրը
և չնայած ես ծնվել եմ թատերական ընտանիքում, հայրս եղել է դրամատուրգ և թատերագետ, իմ թատերական ուսուցիչ
ես համարում եմ Երվանդ Մանարյանին։ Ես կարծում եմ՝ մեր քաղաքը, մեր հանրությունը, այս
տարի աշնանը կստանա մի հրաշալի նվեր, դա կլինի Երվանդ Մանարյանի արձանը, որը կտեղադրվի
թատրոնի առաջ»,-ասաց Ռուբեն Բաբայանը։
Նրա խոսքով՝
քանդակը շատ օրիգինալ է և ցույց է տալիս Երվանդ Մանարյանի բնույթը, նրա էությունը, նրա առաջ նայող ամենակարևոր հատկությունը,
նրա արտիստ լինելը, նրա ոչ տրաֆարետային մտածողությունը։ Երվանդ Մանարյանը մտավորական
էր նաև նրանով, որ նա ինքնուրույն մտածողություն ուներ, նա երբեք չէր կրկնում ուրիշների
նույնիսկ հրաշալի, հանճարեղ մտքերը։
«Իր հետ հետաքրքիր էր, որովհետև դու խոսում էիր իր հետ, այլ
ոչ թե ինչ-որ մեկի ներկայացուցչի հետ։ Նա երբեք ոչ մեկին չմիացավ, չնայած նա մասնակցում
էր ընդդիմության հավաքներին, բայց դա Երվանդ Մանարյանն էր։ Պարզապես այն ժամանակվա
ընդդիմությունն արտահայտում էր իրեն շատ հարազատ գաղափարներ։ Նա այդ ընդդիմության հետ
էր։ Եթե այդ ընդդիմությունը գնար ուրիշ ճանապարհով, Մանարյանը չէր լինի նրանց հետ։
Նա ոչ թե ընդդիմության կամ իշխանության ներկայացուցիչ էր, այլ նա Երվանդ Մանարյանն
էր»,- ասաց Ռուբեն Բաբայանը։
Վերջինս նշեց, որ Երվանդ Մանարյանը
կառուցող էր և շատ մեծ լումա ունեցավ տիկնիկային թատրոնում, որովհետև իր շնորհիվ այս
թատրոնը դուրս եկավ միջազգային ասպարեզ, նա բացեց Գորիսի դրամատիկ թատրոնը և այլն,
և նա միայն դերասան կամ ռեժիսոր չէր, այլ ինչ-որ բան ստեղծող էր և այն ինչ նա ստեղծում
էր, միշտ ուներ արժեք։
Երվանդ Մանարյանը նկարահանել է վավերագրական և գեղարվեստական մի շարք ֆիլմեր, ինչպես նաև գրել է սցենարներ «Տժվժիկ», «Տերն ու ծառան», «Կարինե» և այլ ֆիլմերի համար։
Երվանդ Մանարյանը նկարահանվել է նաև մի շարք ֆիլմերում, որոնցում առավել սիրվածը «Հարսնացուն
Հյուսիսից» ֆիլմում Երվանդի մարմնավորած ալամեզոնի կերպարն է, և մինչև այսօր այդ
ֆիլմում նրա արտահայտած մտքերը տարբեր սերունդների ներկայացուցիչներ հիշում են
ու օգտագործում։
Խոսելով նաև արձանի նախաձեռնության մասին՝ Ռուբեն Բաբայանն ասաց․ «Կան բազմաթիվ, հետաքրքրիր, լավ նախաձեռնություններ, որոնք չեն իրականանում և մնում են որպես նախաձեռնություն, ես շատ ուրախ եմ, որ այս նախաձեռնությունը ստանում է միս ու արյուն, ինչքան էլ դժվար է դա ասել քանդակի մասին, և այստեղ ես կարծում եմ, որ բոլոր նրանք, որոնք ինչ-որ չափով օժանդակել են, որպեսզի այս արձանը կայանա, կարող են համարվել համահեղինակներ։ Շատ ուրախ եմ, որ երբ հարցը հասավ քաղաքապատարան, որը պետք է տար թույլտվություն, այնտեղ միաձայն բոլոր ֆրակցդիաները քվեարկեցին, որպեսզի դա լինի։ Սա ևս մի անգամ ապացուցում է, որ Երվանդ Մանարյանը ոչ ընդդիմությանն է, ոչ իշխանությանն է, նա հայ ժողովրդինն է»։
Ի հավելումն՝ Ռուբեն
Բաբայանն ասաց, որ իր կարծիքով՝ այդպիսին պետք է լինեն արվեստագետները և այդպիսին պետք
է լինի արվեստագետների նկատմամբ մոտեցումը և պետք չէ ուշացնել գնահատականը, պետք է
փորձել գնահատել արվեստգետներին իրենց կյանքի օրոք։։
Մանրամասները՝ տեսանյութում
Լիլիթ Թադևոսյան