Օգոստոսի 7-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային
ակադեմիական թատրոնում բալետային ներկայացման ժամանակ տեղի է ունեցել էլեկտրաէներգիայի
մատակարարման ընդհատում, ինչի պատճառով դադարեցվել է ներկայացումը, ինչն էլ առաջացրել
է մեծ աղմուկ։
Նշենք, որ էլեկտրաէներգիայի անջատումը տեղի է ունեցել հյուրախաղերով
այստեղ գտնվող «Սանկտ Պետերբուրգի բալետ» թատրոնի ներկայացման ժամանակ։
Civic.am-ի հետ զրույցում
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն
Կարեն Դուրգարյանն ասաց, որ, ցավոք սրտի դա առաջին անգամ չէ, երբ ներկայացման ընթացքում
հոսանքազրկվում է թատրոնը և ներկայացումը կանգնում է և իրենք կրում են ֆինանսական և
բարոյական վնաս, ինչի պատճառով ընկնում է, թե թատրոնի, թե երկրի հեղինակությունը։
«Երեկ ես արդեն օտար սահմաններից
ստացել եմ մի քանի ընկերների կողմից զանգեր, որ այդ ինչ է կատարվում Երևանում, ինչպես
կարող են լույսն անջատել թատրոնում, և դրա պատասխանը ես չունեմ։ Այդ իսկ պատճառով մենք
հիմա իրավաբանական տարբեր գրասենյակների հետ խորհրդակցություններ ենք անցկացնում և
շատ շուտով մենք պաշտոնական նամակներով կսկենք աշխատել, այս հարցը լուծելու համար»,-
ասաց Կարեն Դուրգարյանը։
Կարեն Դուրգարյանը տեղեկացրեց, որ սեպտեմբերին նույնպես սպասվում
են դրսից եկած խմբերի ներկայացումներ, իսկ այս օրերին հրավիրված արտիստների կողմից
դեռ ունեն տասը ներկայացում, և ամեն օր մտածում են, թե հոսանքի հետ էլ ինչ կարող է
լինել։
«Առիթն օգտագործելով՝ մենք ուզում ենք ներողություն խնդրել մեր
սիրելի հանդիսատեսից, որ այդպիսի տհաճ վայրկյաններ կամ րոպեներ են ապրել այդ օրը։ Սա
շատ լուրջ խնդիր է և բողոքը միայն օպերային
թատրոնինը չէ։ Ես չեմ ուզում չշեշտել, որ ամբողջ կենտրոնը, ամբողջ համայնքները, գյուղերը
ամեն օր հոսանքազրկվում են, բնակիչները բողոքում են, դա այնպես չի, որ մեկ անգամ է
և վերջ։ Ցավոք»,-նշեց Կարեն Դուրգարյանը։
Օպերայի և բալետի ազգային ակադեմիական
թատրոնի շենքի շահագործման գծով փոխտնօրեն Սուրեն Աղաբաբյանն էլ նշեց, որ վերջին ժամանակահատվածում
հոսանքի անջատումները դարձել են շատ հաճախակի, մի քիչ ըմբռնում են մոտենում, քանի որ
քաղաքի տարբեր հատվածներում են ականատես լինում, բայց իրենց համար անընդունելի է, որ
օպերային թատրոնի անջատումները կատարվում են հենց ներկայացումների ժամանակ։
Նա նշեց, որ էլ չի խոսում այն անջատումների մասին,
երբ խաթարվում են փորձերը։
Հարցին, թե ՀԷՑ-ից ինչպես են արձագանքել այս ամենին, ինչին ի պատասխան Սուրեն Աղաբաբյանն ասաց․ «ՀԷՑը վերջին ժամանակաշրջանում իրականացրեց թատրոնի բարձրավոլտ ենթակայանի վերանորոգում։ Մինչև այդ վերանորոգումը, մեզ մոտ նմանատիպ երևույթներ այդքան էլ չէր դիտարկվում»,-ասաց Սուրեն Աղաբաբյանը։
Մենք զրուցել ենք նաև
«Սանկտ Պետերբուրգի բալետ» թատրոնի մենակատար Ելենա Կացուբիրայի
հետ։ Նա նշեց, որ հոսանքի անջատումն իրեն, իհարկե, շատ զարմացրեց, որովհետև իր կյանքում
երբևէ նման բան չէր եղել։
«Ճիշտ է ամեն ինչ հասկանում ենք, բայց մենք շատ տխրեցինք
և լույսը հանգեց հենց իմ վարիացիայի ժամանակ։ Երբ ես պետք է կատարեի իմ ամենասիրելի
հատվածը, լույսն անջատվեց, ինչը շատ զարմանալի էր։ Բայց թատրոնը շատ հիանալի է, բեմը
շատ լավն է, հանդիստաեսն էլ է շատ լավը, ղեկավարությունն էլ է հիանալի, բայց ահա այդպիսի
տհաճ բան տեղի ունեցավ և լույսը հանգեց։ Սա երկրորդ ներկայացումն էր այստեղ, առաջինը
շատ լավ անցավ, բայց ահա երկրորդի ժամանակ այսպիսի բան տեղի ունեցավ»,- ասաց Ելենան։
Նա նշեց, որ չնայած այդ միջադեպին,
իրենք էլի կգան Երևան, որովհետև բոլորը հաճույքով են աշխատում, պայմաններն իրոք հիասքանչ
են։
Չորրորդ օրն է, որ Երևանում են,
դեռ չեն հասցրել շրջել երկրում, բայց ազատ օրը պլանավորում են գնալ Սևան, լողալ և մի
քիչ լիցքաթափվել։
Ի դեպ, մեր նկարահանումից հետո
թատրոնի շենք այցելեցին ՀԷՑ-ի աշխատակիցները, որոնք սկսեցին ուսումնասիրել թատրոնի
շենքի էլեկտրաէներգիայի մատակարարաման ենթակայանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Լիլիթ Թադևոսյան