ՀԱՊԿ-ում մնալը ինքնին վտանգ է. աշնանը Հայաստանը պետք է համարձակ որոշում կայացնի

Օգոստոսի 6-ից Ուկրաինայի ԶՈՒ-ն Կուրսկում իրականացնում է ռազմական գործողություններ, ինչի արդյունքում տեղի և հարակից տարածքներից տարհանվել է մոտ 76 000 բնակչություն։ Թեմայի և հնարավոր զարգացումների վերաբերյալ Civic.am-ը զրուցել է քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի հետ։


«Դեռևս մեկ ամիս առաջ Ուկրաինայի նախագահը մի հարցազրույց էր տվել, որի ժամանակ խոսվում էր այն մասին, որ ամեն ինչ կթեքվի դեպի բանակցություններ վարելը, և նաև ռուսական կողմը այդ խայծը ընդունեց, նրանք էլ սկսեցին իրենց պահանջներն առաջադրել։ Բայց մի բան հատկապես կարևոր էր Զելենսկու խոսքում, այն է՝ մինչև տարեվերջ հավանաբար բանակցություններով որոշակի վիճակ կֆիքսվի, ինչը թույլ էր տալիս ասելու, որ դա ինչ-որ չափով կարող է կապ ունենալ ԱՄՆ ընտրությունների հետ»,- ասաց Ստյոպա Սաֆարյանը։


Նա նշեց, որ, անխոս, ուկրաինական բանակը անպատկերացնելի հարված է հասցրել պուտինյան Ռուսաստանի հեղինակությանը և Ռուսաստանի հեղինակությանը։  Վերջինիս խոսքով՝ այսպիսի բան Երկրորդ աշխարհամարտից ի վեր տեղի չի ունեցել, առավել ևս, որ հետխորհրդային հանրապետություններից մեկն ուղղակի կարողանա ոչ միայն հակահարձակում գործել, այլ նաև լուրջ տարածքային կորուստներ պատճառել։


ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը լրագրողի հետ զրույցում ասել է, որ Ռուսաստանը մտադիր չէ օգնություն խնդրել ՀԱՊԿ իր գործընկերներից Կուրսկի մարզում Ուկրաինայի զինված ուժերի հարձակումից հետո։

«Ո՛չ, չի դիմելու։ Զարմանալի կլիներ, եթե Ռուսաստանը, որը ՀԱՊԿ անդամ հիմնական երկիրն է, ինչ-որ մեկից օգնություն խնդրեր սեփական տարածքում։ Ո՞ւմ եք պատրաստվում դիմել Կուրսկի մարզում Ռուսաստանին օգնելու համար։ Ղազախների՞ն եք ցանկանում ներգրավել, թե՞ հայերին, ո՞ւմ: Հիմար հարցեր եք տալիս»,- ասել է Զատուլինը:


Այս առնչությամբ Ստյոպա Սաֆարյանն ասաց. «Զատուլինը այդ նյարդային վիճակում բավականին լուրջ ինքնախոստովանություն է կատարում, որովհետև եթե Ռուսաստանը դիմում է ՀԱՊԿ-ին, ապա ստացվում  է, որ Ռուսաստանը, որպես առաջատար երկի, ի վիճակի չէ իր սահմանները միայնակ պաշտպանելու, միայնակ վերականգնելու, հետևաբար չի կարող որևէ այլ մեկի անվտանգային երաշխավորը լինել. սա բավականին դժվարին կացություն է Ռուսաստանի համար։ Առաջին վտանգավոր փաստն արդեն արձանագրվել է, որ աշխարհի 2-րդ բանակ գոյություն չունի՝ որպես ռուսական բանակ»,-  նշեց քաղաքագետը։

 

Մանրամասն՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան