Ուկրաինայի հարձակումը Կուրսկի
վրա Ռուսաստանի հետ պատերազմի առանցքային պահն է, որը կարող է փոխել պատերազմի հետագիծը։
Այս մասին հայտնում է Պատերազմի ուսումնասիրման ինստիտուտը (ISW) «Ուկրաինան և մանևրի
վերականգնման խնդիրը ժամանակակից պատերազմում» վերլուծության մեջ։
Civic.am-ի հետ զրույցում քաղաքագետ
Ռոբերտ Ղևոնդյանն ասաց. «Համաձայն եմ, այո,
սա բավականին լուրջ օպերացիա էր, ես զուգահեռ կարող եմ տանել ղարաբաղյան առաջին պատերազմում
հայկական ուժերի գործողությունների հետ, որի ժամանակ, հիշում ենք, ռուս-ադրբեջանական
ուժերը Մարտակերտը և Շահումյանը հայաթափելուց հետո ուղղություն վերցվեց դեպի հարավ,
և վերցվեցին այն հատվածները, որոնք ավելի անպաշտպան էին, ինչը, հետագայում մենք տեսանք,
բերեց զինադադար խնդրելուն Ադրբեջանի կողմից։ Մենք ունեինք բավականին շահեկան դիրքեր։
Նույն մարտավարությամբ գործում են ուկրաինական զինված ուժերը. գնում են այն ուղղությամբ,
որտեղ հնարավոր է, և ժամանակավորապես չեն «կոտորում» իրենց այն ուղղությամբ, որտեղ ամրացել են ռուսները
և մի քանի շերտ պաշտպանություն են ստեղծել»,- ասաց քաղաքագետը։
Նրա խոսքով՝ իսկապես
այս գործողությունը կարող է բեկել պատերազմի ընթացքը, եթե օրինակ՝ Ուկրաինան լավագույն
սցենարի դեպքում կարողանա շրջանցել ռուսական ռազմական ուժերը և Ուկրաինայի այդ չորս
բռնագրաված տարածքների վրա հետևից հարվածել, ապա պատերարազմը կավարտվի։
Վերլուծաբանները նշում
են, որ պատերազմն իր բնույթով փոխվում է, և դա կանդրադառնա ապագա աշխարհի բոլոր հակամարտությունների
վրա։
Այս առնչությամբ քաղաքագետն
ասաց, որ դա նորություն չէ, արդեն մոտենում ենք 6-րդ սերնդի պատերազմներին, ռազմական
փորձագետներն այդ մասին բազմիցս են խոսել, այդ թվում՝ հայ ռազմական փորձագետները։
Խոսելով նաև այն մասին,
թե այս ամենն ինչպիսի ազդեցութուն կունենա Հայաստանի և տարածաշրջանի վրա, Ռոբերտ Ղևոնդյանն
ասաց. «Մեծ հավանականությամբ արդեն որոշակի անդրադարձ կա։ Թե՛ հայ, թե՛ ռուս փորձագետներ
նշում են, որ եթե Հայաստանն այս պահին գործողություններ ձեռնարկի, ապա Ռուսաստանի կողմից
դրան լուրջ մարտահրավերներ չեն հետևի, իհարկե խոսքը առաջին հերթին ՀԱՊԿ-ի անդամությունը
դադարեցնելու մասին է, բայց իմ գնահատմամբ՝ մենք
բաց ենք թողել լավագույն պահը ՀԱՊԿ-ից դուրս գալու։ Եվ այս պահին ՀԱՊԿ-ից դուրս
գալը լուրջ աժիոտաժ չի էլ առաջացնի։ Համարժեք գործողություններ ևս կան, որոնք Հայաստանը
պարտավոր է իրականացնել։ Դրանցից մեկը Իրանի սահմանից ռուս սահմանապահների հեռացումն
է, որովհետև լուրջ չէ խոսել խաղաղության խաչմերուկի մասին, լուրջ չէ խոսել հյուսիս-հարավ
և արևելք-արևմուտք ճանապարհների խաչաձևման մասին, երբ ճանապարհներից մեկում կանգնած
է մի պետության զինված ուժերը, որը գտնվում է պատժամիջոցների տակ և աշխարհի կողմից
ընկալվում է որպես աննորմալ վարք դրսևորող պետություն»,- ասաց քաղաքագետը։
Մանրամասն՝ տեսանյութում
Լիլիթ Թադևոսյան