Մակունցի ագրեմանն արդեն ուղարկվել է ԱՄՆ, այն դեռեւս չի հաստատվել, բայց դրական արձագանքներ կան․ «Ժողովուրդ»
Բաժանորդագրվեք մեզ նաև
Տելեգրամում
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ կարծես թե արդեն հստակ է, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը լքելու է Հայաստանը ու տեղափոխվի Ամերիկայի Միացյալ Նահանգներ:
Բանն այն է, որ Մակունցի ագրեմանն արդեն ուղարկվել է ԱՄՆ, որպեսզի վերջինս այնտեղ նշանակվի ԱՍՆ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան:
Լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ Մակունցի ագրեմանը դեռեւս չի հաստատվել, բայց ԱՄՆ-ից դրական արձագանքներ կան, Մակունցի կենսագրությունը անբիծ է, ու նորմալ են վերաբերվել նրա՝ դեսպան նշանակվելուն:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների կարծիքով՝ մինչեւ ամառ Լիլիթ Մակունցն արդեն կլքի իրենց ու կհեռանա Հայաստանից: Խմբակցությունում այդքան էլ ոգեւորված չեն այս որոշումով քանի որ, շատերի կարծիքով, Մակունցին հաջողվել էր որպես խմբակցության ղեկավար շատ հարցերին լուծումներ գտնել:
Հիշեցնենք, որ դեռեւս 2018 թվականի հոկտեմբերին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Վարուժան Ներսիսյանը նշանակվել է ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան: Ներսիսյանը համարվում է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ամենամտերիմ մարդկանցից մեկը, ինչի համար էլ, կարծես թե, իշխանություններ նպատակ ունեն նրան հեռացնել այդ պատասխանատու պաշտոնից»: