Հայաստանում այսուհետ Հայրերի օր կլինի. այն կնշվի հունիսի 17–ին

Հայաստանում այսուհետ Հայրերի օր կլինի. այն կնշվի հունիսի 17–ին։
 
Օրենսդրական նման նախաձեռնությամբ է հանդես եկել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանը։ Հարցն ընդգրկված է կառավարության այսօրվա նիստում, հարցը չզեկուցվող է։


Կառավարության որոշման մեջ նշվում է․


«1․ Հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրա­պետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-889-16.07.2024-ՊԻ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջար­կու­թյանը:


2․Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը սահ­մանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ»:


Նշվում է, որ օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետու­թյան կառավարությունն առաջարկություններ և դիտողություններ չունի:


Նախագծերի ընդունման արդյունքում հունիսի 17-ը ՀՀ-ում պաշտոնապես կնշվի որպես Հայրերի օր, կստեղծվեն իրակավակ հիմքեր հայրերի մեծարման եւ նրանց դերի բարձրացման ուղղությամբ միջոցառումներ եւ ծրագրեր մշակելու եւ իրականացնելու, այդ նպատակով պետական եւ հասարակական հատվածի համագործակցությունը խթանելու, ինչպես նաեւ հանրային կրթության ծրագրերը խթանելու համար:


Ներկայում Հայրերի օրը ԱՄՆ-ում, Մեքսիկայում, Հնդկաստանում, Ճապոնիայում նշվում է հունիսի երրորդ կիրակի օրը: Բրազիլիայում՝ օգոստոսի երկրորդ կիրակի օրը, Ավստրալիայում՝ սեպտեմբերի առաջին կիրակի օրը, Գերմանիայում օրը տոնում են Հիսուս Քրիստոսի համբարձման օրը: Թաիլանդում Հայրերի օրը նշվում է դեկտեմբերի 5-ին, որը միահյուսված է հանգուցյալ թագավոր Բումիբոլի ծննդյան տոնակատարությանը եւ այլն: