«Թուրքմենչայի պայմանագիրը կոչվել է Արևելյան Հայաստանի բռնի միացում Ռուսաստանին». ՌԴ ԱԳՆ-ն քննադատել է 8-րդ դասարանի պատմության հայկական դասագիրքը


 Մոսկվան հույս ունի, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա 8-րդ դասարանի պատմության դասագրքի փոխանցումը դպրոցներ, որում «խեղաթյուրվում են 18-րդ դարի վերջի 19-րդ դարի սկզբի իրադարձությունները Հարավային Կովկասում»։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ Telegram-ալիքում հրապարակված մեկնաբանության մեջ։


Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքական գերատեսչությունը պարզաբանել է, որ այդ դասագրքի գլուխներից մեկում «Արևելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին» «սադրիչ» վերնագրով վերստուգման են ենթարկվել 1826-1828 թվականների ռուս-պարսկական պատերազմի արդյունքների գնահատականները, իսկ Թուրքմենչայի խաղաղության պայմանագիրը կոչվել է «Արևելյան Հայաստանի անեքսիա»։ 


«Հույս ունենք, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա նման դասագիրք հանձնել դպրոցներին, ինչպես նաև «մատների արանքով չեն նայի» մեր ընդհանուր անցյալը խեղաթյուրելու նման անպատշաճ փորձերին»,- ասված է հաղորդագրության մեջ։


ՌԴ ԱԳՆ տեսանկյունից՝ լուրջ աղբյուրներ կարդալու դեպքում, այդ թվում՝ հայկական, կարելի է տեսնել բոլորովին այլ մոտեցումներ 1828 թվականի խաղաղության պայմանագրի վերաբերյալ, որը մինչև վերջերս հանրապետական ​​դասագրքերում գնահատվում էր որպես «վիթխարի նշանակություն ունեցող հայկական պետականության ապագա վերականգնման համար»։


ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունն ընդգծել է, որ այս դեպքում խոսքը «մեր ընդհանուր պատմությունը վերաշարադրելու հերթական անամոթ փորձի մասին է, որտեղ արևմտյան քարոզչության և քաղաքական ինժինիրինգի լավագույն ավանդույթներով սպիտակը սև է կոչվում առանձին հայ գործիչների «թեթև ձեռքով», որոնք հատուկ եռանդով փորձում են շահել իրենց հովանավորների բարեհաճությունը»:


«Նման ձևակերպումների ներմուծումն ուղղակիորեն հակասում է Հայաստանի ղեկավարության ստանձնած պարտավորություններին՝ պահպանելու պատմական հիշողությունը։ Այսպես. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապես Նիկոլ Փաշինյանի 2022 թվականի ապրիլի 19-ի համատեղ հայտարարության մեջ ասվել է. «կողմերը, պահպանելով ընդհանուր մոտեցումները անցյալի նկատմամբ, իրենց մտադրությունն են հայտնել շարունակել պայքարը Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքների վերանայման և պատմության կեղծման դեմ»,- կարծում է ՌԴ ԱԳՆ-ն: