Դանակահարություն՝ Աշտարակում․ համաքաղաքացուն դանակահարողը ձերբակալվել է

Օգոստոսի 16-ի գիշերը ոստիկանության Արագածոտնի մարզի օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում է ստացվել Աշտարակի բաժին: «Էջմիածին» բժշկական կենտրոնից հայտնել էին, որ Աշտարակ քաղաքի սուպերմարկետի մոտ անհայտ անձի կողմից դանակի հարված ստանալու հետևանքով ժամը 2-ին բուժօգնության է դիմել Էջմիածնի բնակիչ 21-ամյա մի երիտասարդ:


Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։


Մեկնել է բաժնի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ ժամը 1.30-ի սահմաններում Աշտարակի Տիգրան Մեծի փողոցում նրա հետ անհիմն վիճաբանել է անհայտ մի անձ և կտրող-ծակող գործիքով մեկ անգամ հարվածել՝ պատճառելով մարմնական վնասվածք:


Ձեռնարկված միջոցառումների արդյունքում Աշտարակի քրեական հետախույզները պարզել են, որ դանակահարողը Տիգրան Մեծի փողոցի բնակիչ 23-ամյա երիտասարդ է: Նա ձերբակալվել և տեղափոխվել է բաժին, որտեղ խոստովանել է կատարվածը:


Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: 23-ամյա երիտասարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր:

Դեպքի հանգամանքները պարզվում են: