Հայաստանից ներմուծված կոնյակի 90%-ը անվտանգ չէ՝ ըստ ՌԴ-ում կատարված հետազոտության

Հայկական կոնյակների գրեթե 90%-ը, որ ներկայացվել է ռուսական խանութներում, պարզվել է՝ անվտանգ չէ, իսկ արտադրանքի մոտ կեսը պարունակում է սպիրտներ, որոնք կապ չունեն խաղողի հետ։ Այս մասին, ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, ասված է «Անտիկոնտրաֆակտ» միջազգային ասոցիացիայի և Կոնյակի, սպիրտի և ալկոհոլային արտադրանք արտադրողների միության համատեղ հետազոտության մեջ։


Հետազոտության շրջանակներում ձեռք է բերվել կոնյակի 200 նմուշ ավելի քան 20 ապրանքանիշներից, որոնք ներկայացնում են հայկական 10 խոշորագույն արտադրողներ։ Ապրանքները ձեռք են բերվել ռուսական տարբեր դաշնային առևտրային ցանցերից և ուղարկվել վերլուծության Գարեջրագործության, ոչ ալկոհոլային և գինեգործական արդյունաբերության համառուսաստանյան գիտահետազոտական ​​ինստիտուտի անկախ լաբորատորիա:


Փորձարկման արդյունքներով՝ խախտումներ են հայտնաբերվել 177 նմուշներում, ինչը կազմում է ընդհանուր քանակի 89%-ը։ Դեպքերի գրեթե կեսում հայտնաբերվել է խաղողի հետ կապ չունեցող սպիրտ, ինչը հակասում է կոնյակի ստանդարտներին։ Միայն 23 նմուշ է լիովին համապատասխանել միջպետական ստանդարտներին և Ռուսաստանի Դաշնության օրենսդրությանը:


Այս կապակցությամբ «Անտիկոնտրաֆակտ» ասոցիացիան դիմել է Գլխավոր դատախազությանը, Դաշնային մաքսային ծառայությանը և «Ռոսալկոհոլտաբակկոնտրոլ»-ին՝ խնդրելով ուժեղացնել հսկողությունը Հայաստանից ալկոհոլային խմիչքների ներմուծման նկատմամբ՝ հաշվի առնելով, որ դրանք անցնում են Վրաստանի տարածքով, և սահմանափակել ապրանքների շրջանառությունը, որոնք չեն համապատասխանում որակի ստանդարտներին:


Նամակներում նշվում է նաև, որ Հայաստանից կեղծված ապրանքները ստեղծում են անբարեխիղճ մրցակցություն և գների դեմպինգ, ինչը դժվար կացության մեջ է դնում ռուս արտադրողներին, որոնց սպառնում է շուկայից դուրսմղում:


«Անտիկոնտրաֆակտ» ասոցիացիայի գլխավոր տնօրեն Քրիստինա Սկրիպնիկը նշել է, որ հետազոտության արդյունքները ցնցել են մասնագետներին։ Պարզվել է, որ նույնիսկ նույն ապրանքանիշի արտադրանքի գնումը չի ​​երաշխավորում կեղծման բացակայությունը, քանի որ նույն ապրանքանիշի նմուշները կարող են պարունակել տարբեր տեսակի սպիրտ՝ կախված շշալցման ամսաթվից։