Չենք կարողանում քաջալերել մարդկանց զարգացնելու ոչխարաբուծությունը. Ինձ ասացին՝ հովիվների պրոբլեմ կա. վարչապետ

Կառավարությունը հաստատել է անասնաբուծության խթանման ծրագիրը։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը տեղեկացրել է, որ ծրագրի շրջանակներում կներկրվի 10.000 գլուխ ոչխար ու այծ։ «Մթերատվության բարձրացման փորձնական ծրագրի» շրջանակներում կովերի արհեստական սերմնավորման գործընթացի միջոցով կբարելավվի տավարի տոհմային հատկանիշները և կբարձրացվի անասունի մթերատվությունը։ Իսկ «Մեղվաբուծության զարգացման փորձնական ծրագրով» մարզերը կհամալրվեն 10.000 մեղվաընտանիքներով։


Անդրադառնալով այս ոլորտին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ոչխարաբուծությունն ամենաեկամտաբեր ոլորտներից է. «Բայց մենք այդպես էլ չենք կարողանում քաղաքացիներին քաջալերել, որպեսզի մեծ քանակով ոչխարաբուծությունը զարգանա, փոխարենը, մեր տվյալները ցույց են տալիս, որ շատ է գառների ներմուծումը, իսկ որոշ ժամանակ անց՝ արտահանումը»։