Նախկին «Մարաթուկ մշակութային կենտրոնի» տնօրենի կողմից առերևույթ կատարված առանձնապես խոշոր չափերով հափշտակության դեպքի նախաքննությունը 4 անձի մասով ավարտվել է

Ավարտվել է նախկին «Մարաթուկ մշակույթի կենտրոն» ՀՈԱԿ-ում կատարված՝ առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակության վերաբերյալ վարույթով, չորս մեղադրյալի մասով, նախաքննությունը:


ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՈԱԿ-ի նախկին տնօրենը, 2013-2020թթ. ընթացքում, Երևանի համայնքապետարանի կողմից ՀՈԱԿ-ի տնօրենին իրավաբանորեն տնօրինելու իրավունքով հանձնված դրամական միջոցները հափշտակելու դիտավորությամբ, իր հարազատներին, ազգականներին և մտերիմներին՝ ընդհանուր 5 անձի, հրամանագրել է մշակութային կենտրոնի փոխտնօրենների, գեղարվեստական մասի մենակատարների հաստիքներին։


Սակայն, քաջատեղյակ լինելով վերջիններիս կողմից աշխատանքի չհաճախելու, գործառութային պարտականությունները չիրականացնելու մասին, հաշվարկվել և յուրաքանչյուր ամիս սահմանված աշխատավարձի և այլ հավելումների չափով գումարային փոխանցումներ են կատարվել նրանց բանկային հաշիվներին։


Այդ կերպ, վերջիններիս օժանդակությամբ, ՀՈԱԿ-ի տնօրենը հափշտակել է իրեն վստահված՝ Երևան համայնքի առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 7.428.900 ՀՀ դրամ գումարը:


Ձեռք բերված փաստերի հիման վրա նախկին ՀՈԱԿ-ի տնօրենի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել` ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով։


Նրա նշված հարազատներից և մտերիմներից չորսի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել 46-256-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, ևս մեկ ազգականի նկատմամբ՝ 46-256-րդ հոդվածի 1-ին մասով:


Չորս անձի, այդ թվում՝ տնօրենին, ներկայացվել են մեղադրանքներ: Վերջիններիս մասով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին: