ԱԺ ԲՀԿ-ական նախկին պատգամավոր, ԲՀԿ փոխնախագահ Միքայել Մելքումյանը և վերջինիս փոխկապակցված ևս երկու անձ՝ Աննա Մարությանը, Գրետա Սահակյանը հրավիրվել են ՀՀ դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն։ Այս մասին civic.am-ը տեղեկացավ «Ազդարար» հարթակից։
Ըստ հիշյալ անձանց ուղարկված ծանուցագրերի՝ վերջիններիս պատկանող գույքի առնչությամբ դատախազության հիշյալ վարչությունն իրականացրել է ուսումնասիրություն, կազմվել են ամփոփագրեր։ Օգոստոսի 30-ին հիշյալ անձինք հրավիրվել են դատախազություն «ծանոթանալու գործի նյութերին, ներկայացնելու դիրքորոշում, ինչպես նաև հայտարարագիր»: Նշենք, որ «Կենտրոն» ՀԸ-ում քաղաքական հաղորդում վարող Մելքումյանը 2021 թ-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած իր՝ պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների, ծախսերի հայտարարագրում հայտարարագրել է Երևանի Կենտրոնում, Արաբկիրում գտնվող բնակարանները (մեկը՝ միանձնյա, մյուսը բաժնային սեփականությամբ իրեն պատկանող, առաջինը՝ գնում, երկրորդը՝ նվիրատվություն) և Իսպանիայում գտնվող մեկ բնակարան, որի ½-ի սեփականատերն է ԱԺ նախկին պատգամավորը, բնակարանը գնվել է 2012-ին։ Մելքումյանը հայտարարագրել է նաև $ 95,000 պարտատոմսեր «Ամերիաբանկ»-ում, կանխիկ դրամ որպես՝ 342,000 ԱՄՆ դոլար, 3,350,000 Դրամ և 1,100 Եվրո։
ԱԺ նախկին պատգամավորը հայտարարագրել է նաև տարբեր ընկերություններից վարձակալության դիմաց ստացած եկամուտներ մասնավորապես Ֆաստ Տրանս ՍՊԸ-ից, Մայրո ՍՊԸ-ից, Բելենս Շիթ ՍՊԸ-ից, Բիթ Կոթ Լափ ՍՊ-ից, Ջի Էս Քոմփանի ՍՊԸ-ից, ինչպես նաեւ տրված փոխառությունների դիմաց ստացած վճարներն ու ԱԺ-ից ստացած աշխատավարձը։ Ընդհանուր եկամուտները հաշվետու ժամանակաշրջանում կազմել են 12․967,292.12 դրամ։
Նշենք, որ 2013-ին մեծ աղմուկ բարձրացավ առ այն, թե Մելքումյանը, լինելով ԱԺ պատգամավոր, զբաղվում է ձեռնարկատիրական գործունեությամբ։
Նա, հիշեցնենք, հանրային վայրերում հայտարարություններ էր փակցրել այն մասին, որ վարձով է տալիս տարածքներ, անգամ տեսագրվել ու ձայնագրվել էին վարձակալության հետ կապված գործարքների հեռախոսազրույցները։ ԱԺ էթիկայի հանձնաժողովը, սակայն, իր նիստերից մեկում որոշեց, որ ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանի գործունեության մեջ ձեռնարկատիրության տարր չկա։
Մ․ Մելքումյանը 1994-1995թթ. եղել է ՀՀ Գերագույն խորհրդի տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետ, 1998-1999թթ.՝ ՀՀ փոստի և հեռահաղորդակցության նախարարի խորհրդական,
1999-2000թթ.` ՀՀ սոցիալական ապահովության նախարարության աշխատակազմի ղեկավար:
2000-2003թթ. աշխատել է ՀՀ պետականգույքի կառավարման նախարարի տեղակալ,
2003-2004թթ.` ՀՀ ԿԱ պետգույքի կառավարման վարչության պետի տեղակալ,
2009-2012թթ.՝ ՀՊՏՀ միկրոէկոնոմիկայի և ձեռնարկատիրական գործունեության կազմակերպման ամբիոնի վարիչ:
Մամուլը ժամանակին գրել էր, որ «հենց պետական գույքի կառավարման նախարարի տեղակալ աշխատելու ժամանակ էլ, օգտագործելով պաշտոնական դիրքը, առանց աճուրդի սեփականաշնորհել է այն տարածքները, որոնք հետագայում վարձակալության է տվել»:
Հ․Մ․