Գերիների հարցը, ընթերցողը վստահաբար արձանագրած
կլինի, ընդդիմության կողմից պարբերաբար շահարկվող թեմաներից է։ Երբ իշխանության ուղղությամբ կրակվող
«քաղաքական փամփուշտները» սկսում են «քչություն» անել, տարբեր շահագրգիռ սուբյեկտներ
սկսում են պսիխոսադիզմով զբաղվել՝ սեղմել ՀՀ իշխանության և բոլորիս ամենացավոտ «մազոլին»՝
Բաքվի բանտերում գերիների ու պատանդների առկայությանը։ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ
Ադրբեջանի՝ 2023 թ. սեպտեմբերի 19-ի ագրեսիայից հետո, ինչպես հայտնի է, գերեվարվեց
ԼՂ ռազմաքաղաքական ղեկավարությունը՝ նախկին
նախագահները, նախկին պետնախարարը, ԱԺ նախագահը և այլք, որոնց ազատ արձակման հարցը հատկապես
այս օրերին կրկին ներառվել է ընդդիմության
տարբեր ներկայացուցիչների սպեկուլյատիվ հայտարարությունների
օրակարգ, բնականաբար ՀՀ իշխանությանն ուղղված դատարկապորտ մեղադրանքների համատեքստում,
թե՝ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը ոչ մի քայլ չի ձեռնարկում գերեվարված անձանց ազատ արձակելու ուղղությամբ, մոռացության
է մատնել այդ հարցը, ավելին՝ «իշխանությանը ձեռնտու է», որ ԼՂՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը
շարունակի մնալ Բաքվի բանտերում, քանի որ նրանց ազատ արձակումն իր շահերին դեմ է։ Հարցի
շահարկման ակտիվացումը հենց այս շրջանում պատահական չէ. մոտենում է ԼՂՀ անկախության
հռչակման 33 ամյակը ու «պատեհ առիթ» է Ղարաբաղի, դրա կորստի հետ ասոցացվող բացասական
հույզերը գրգռելու համար։ Թեման արծարծել է նաև սեպտեմբերին վերաակտիվանալ պատրաստվող
«սրբազան շարժում»-ն ու իր կողմից տարածված հայտարարության մեջ մասնավորապես նշել.
«Հնարավոր չէ խոսել իրական, կայուն, երկարաժամկետ խաղաղությունից, եթե լուծված չեն
հումանիտար կարևորագույն խնդիրները՝ գերիների, պահվող անձանց և Արցախի՝ պատանդառված
ռազմաքաղաքական ղեկավարության վերադարձի հարցերը»։
Սույն շարժման դաշնակցական համաառաջնորդ Գառնիկ Դանիելյանն էլ հայտնի մամուլի ակումբում տեղի ունեցած ասուլիսում որոշել է իր հերթին, ըստ իր «կարդացածության և փչացածության», շահարկել գերիների թեման՝ մասնավորապես ազդարարելով. «Այս անպատվությունը որ կա, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը Ադրբեջանի բանտերում կտտանքների է ենթարկվում, ուղիղ ապտակ է բոլոր հայ մարդկանց, ուղիղ խոսում է այն մասին, որ մենք պետք է ավելի վճռական լինենք, գործենք ավելի գործնական»։ Ապա հավելել է. «Այս իշխանությունները մինչև այսօր որևէ քայլ չեն արել, որպեսզի պատանդառությունից ազատեն գերության մեջ գտնվող մեր եղբայրներին: Հակառակը, ես խորին համոզմունք ունեմ, որ այս իշխանությունը ամեն ինչ անում է, որպեսզի նրանք մնան գերության մեջ, որովհետև այս մարդկանց Հայաստանում գտնվելը իրենց նեղություններ կպատճառի»։
Մենք էլ «խորին համոզմունք» ունենք, որ Գառնիկ Դանիելյանը զբաղված է էժանագին զազրախոսությամբ՝ իրեն ականջ անողներին ինտելեկտուալ կտտանքների ենթարկելով, այլապես որպես
պատգամավոր կարող էր հարցում անել ԱԳՆ-ին և տեղեկանալ ոչ միայն Արցախի գերեվարված ռազմաքաղաքական ղեկավարության,
այլև բոլոր գերիների և պատանդառված անձանց
ազատ արձակման ուղղությամբ տարվող գործընթացի մասին։ Խորին համոզմունք ունենք,
որ Դանիելյանի ու նրա խմբակցության կողմից ըստ պատեհության ցուցադրվող այս կեղծ սրտացավությունը
ընդամենը ներքին սպառման նպատակով է՝ որքան հնարավոր է շատ բացասական էմոցիա բորբոքել
հանրության շրջանում աշնանային միտինգաշրջանին ընդառաջ։ Ինչ վերաբերում է դաշնակցական
գործչի այն դիտարկմանը, թե՝ «այս մարդկանց Հայաստանում գտնվելը իրենց նեղություններ
կպատճառի», ապա հարց է ծագում՝ ինչո՞վ են առանձնահատուկ հիշյալ անձինք, մեծն պոետի
ասածի հանգույն՝ «նրանց արյունը կարմի՞ր է մյուսներց, թե՞ ավել հունար է դուրս գալիս
ձեռքներից»։ Դանիելյանը ենթադրաբար նկատի ունի, որ ազատության մեջ գտնվելով իր կուսակից
Դավիթ Իշխանյանը, Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը և մյուսները
կգան, կկանգնեն Բագրատ Գալստանյանի ու նրա քաղաքական պատրոնների կողքին ու կսկսեն բոլորով
միասին էլ «նեղել» ՀՀ քաղաքացիների կողմից ընտրված իշխանությանը՝ պահանջելով վերջինիս
հրաժարականը։ Իսկ քանի դեռ նրանք բանտում են, փաստորեն, իշխանության տեղը «լայն է»՝
«նեղություն տվողների» թիվը մոտ մեկ տասնյակով պակաս է։ Ինչպես ասում են՝ ամեն ինչ
ծիծաղելի կլիներ, եթե այսքան ողբերգական չլիներ։
Ի դեպ, Դանիելյանն ու նրա հայացքները կիսող այլ գործիչներ նշում են նաև, որ Ադրբեջանում տեղի ունեցող COP 29-ը (ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի Մասնակիցների կոնֆերանսի 29-րդ նստաշրջանը) պետք է օգտագործել՝ համաշխարհային ճնշում բանեցնելու Ադրբեջանի իշխանության վրա՝ ազատելու համար հայ գերիներին։ COP 29-ը, նկատենք, այն թեման է, որը հայերիս ու հայաստանցիներիս մոտ ասոցացվում է գերիների ազատ արձակման հետ։ Հիշեցնենք, այդ թվում նաև Գառնիկ Դանիելյանին ու մյուսներին, որ որպես բարի կամքի քայլ՝ Հայաստանը նախորդ տարի դեկտեմբերին իր աջակցությունն էր հայտնել «COP29»-ը հյուրընկալելու նպատակով Ադրբեջանի ներկայացրած հայտին և հանել իր թեկնածությունը, Ադրբեջանն էլ իր աջակցությունն էր հայտնել Արևելյան Եվրոպայի խմբի «COP»-ի բյուրոյին անդամակցելու համար առաջադրված Հայաստանի թեկնածությանը: ՀՀ վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմի միջև բանակցությունների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում Ադրբեջանը 2023թ. դեկտեմբերին ազատ արձակեց գերեվարված 32 հայ զինծառայողների: Այս պայմանավորվածության հանրայնացումից ընդամենը օրեր առաջ, նկատենք, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի մոտ էր գերիների թեմայով «սրացում» արձանագրվել։
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Օհանյանն իրեն հատուկ ոճով նախատեց Նիկոլ Փաշինյանին
«Արցախին մենակ թողնելու» և մասնավորապես գերիներին ազատ արձակելու հարցում ձախողելու
մեջ։ «Ի՞նչ քայլեր եք անում գերիներին վերադարձնելու ուղղությամբ և հատկապես Արցախի
ռազմաքաղաքական ղեկավարներին պաշտպանելու, դիվանագիտական ճանապարհով հետ վերադարձնելու
համար, որովհետև նրանք ահաբեկիչներ չեն»,- հարց ուղղեց պաշտպանության նախկին նախարար, պատգամավորը։ Վարչապետն էլ ի պատասխան նախ երախտամոռության
մեջ մեղադրեց «Արցախին մենակ թողնելու» թեզի ջատագովներին, ապա հավելեց՝ «գերիների վերադարձի ուղղությամբ արվում է ամենօրյա
աշխատանք, ամենօրյա»։ Այս հարցուպատասխանից օրեր անց իրականություն դարձավ 32 գերիների
վերադարձը։
Այն, որ Ադրբեջանում պահվող բոլոր հայ գերիների վերադարձը
Հայաստանի օրակարգում է՝ անցած մի քանի ամիսներին հայտարարել են ՀՀ տարբեր բարձրաստիճան
պաշտոնյաներ՝ վարչապետը, ԱԽ քարտուղարը, ԱԺ նախագահը, ինչպես նաև ԱԳՆ-ն։ «Մենք միշտ քննարկել ենք բոլոր
գերիների վերադարձի հարցը ՝ լինի Ադրբեջանի, թե միջազգային գործընկերների հետ։ Սա եղել
է մեր օրակարգում, մենք ինտենսիվ աշխատանք ենք տանում այս ուղղությամբ»,- հունիսի
26-ին հայտարարել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Վերջերս էլ կայքերից մեկի՝ ԱԳՆ-ին ուղղված հարցմանը՝
«ի՞նչ քայլեր են ձեռնարկվում միջազգային ասպարեզում Բաքվում պահվող 23 հայ գերիների
և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության վերադարձի համար», գերատեսչությունն արձագանքել
էր. «Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների և պատանդառության մեջ անօրինական պահվող քաղաքական
անձանց ազատ արձակման խնդիրը հայկական կողմի համար առաջնահերթություն հանդիսացող հրատապ
մարդասիրական հարց է, որի ուղղությամբ մշտապես աշխատանք է տարվում»։
Ի դեպ, շինիչ հորդոր Գառնիկ Դանիելյանին՝ Արցախի
անկախության 33 ամյակին ընդառաջ «սրբազան շարժում»-ը
կարող է ցույց կամ պիկետ կազմակերպել ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դիմաց՝ Ալիևի հետ «պաչ-պռոշտ»
մակարդակի շփումներ ունեցող Կրեմլի ղեկավարից
պահանջելով իր անձնական միջամտությունը ԼՂՀ ռազմաքաղաքական ղեկավարության ազատ արձակման
հարցում։ Ալիևը, կարծում ենք, Պուտինի խոսքը գետինը չի գցի։
Դե իսկ Դանիելյանը, հուսանք, չի մոռացել, որ Բաքվի
բանտերում գտնվող ու կտտանքների ենթարկվող արցախցի պաշտոնյաները գերեվարվել են ՌԴ խաղաղապահ
առաքելության պատասխանատվության գոտում, եթե չասենք՝ նրանց թեթև ձեռամբ ու թողտվությամբ։
Հ. Մանուկյան