ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի կարգավորման տիրույթում են մարդու իրավունքների պաշտպանությանը, երեխայի իրավունքներին, կրոնին, ազգային փոքրամասնություններին ու բազում այլ շրջանակներին վերաբերող խնդիրներ: Հանձնաժողովն ամենօրյա ընթացակարգով աշխատում է վերը նշված ոլորտային խնդիրներին լուծումներ տալու ուղղությամբ: Այդ է պատճառը, որ հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը, հանձնաժողովի անդամներ Տիգրան Պարսիլյանը եւ Մարինա Ղազարյանը մարզային այցերի շրջանակում այս անգամ հյուրընկալվել են Արագածոտնի մարզի եզդիաբնակ Արեւուտ խոշորացված համայնքում, եղել Կանչ, Թլիկ եւ Հակո բնակավայրերում:
Այդ մասին հայտնում են ԱԺ-ից։
Հաջորդիվ խորհրդարանականներն այցելել են Արեւուտի հիմնական դպրոց, ծանոթացել շենքային պայմաններին, զրուցել դպրոցականների հետ: Այնուհետեւ Ազգային ժողովի պատգամավորներին ներկայացվել է Թլիկ բնակավայրում կառուցվող ջրամբարը, որը միտված է լուծելու տեղի բնակիչների՝ ջուր չունենալու խնդիրը:
Աշխատանքային հաջորդ օրը հանձնաժողովի անդամներն այցելել են նաեւ Արարատի մարզ, տեղում ծանոթացել ջերմոցային եւ ֆերմերային տնտեսություններին, լսել գյուղատնտեսներին հուզող խնդիրներն ու հաստատել ինտենսիվ գյուղատնտեսությամբ զբաղվելու ու այն զարգացնելու անհրաժեշտությունը: