Հայաստանի հավաքականը պարտվեց Հյուսիսային Մակեդոնիային

Ազգերի լիգայի խաղարկության C դիվիզիոնի չորրորդ խմբի երկրորդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը հյուրընկալվելիս 0-2 հաշվով պարտվեց Հյուսիսային Մակեդոնիայի թիմին։


Առաջին խաղակեսում հյուսիսմակեդոնացիներն ունեին խաղային շոշափելի առավելություն և ստեղծեցին մի շարք գոլային պահեր, սակայն Հայաստանի հավաքականի որոշ դրվագներում փրկեց «Նոայի» դարպասապահ Օգնյեն Չանչարևիչը։


Խաղակեսի վերջում դաշտի տերերը մնացին 10 ֆուտբոլիստներով. կարմիր քարտ ստացավ և դաշտից հեռացվեց ռումինական «Ունիվերսիտատա Կռայովայի» պաշտպան Գյոկո Զայկովը։


Երկրորդ խաղակեսում ուկրաինացի մասնագետ Ալեքսանդր Պետրակովի գլխավորած Հայաստանի հավաքականը փորձում էր օգտվել ստացած քանակական առավելությունից, սակայն այդպես էլ չկարողացավ լրջորեն սպառնալ մրցակցի դարպասի ուղղությամբ։


Փոխարենը Հյուսիսային Մակեդոնի հավաքականը 70-րդ րոպեին թիմի ավագ Էնիս Բարդիի` տուգանայինից կատարած տպավորիչ հարվածով բացեց հանդիպման հաշիվը։ 78-րդ րոպեին կատալոնական «Ժիրոնայի» հարձակվող Բոյան Միյովսկին դրեց հանդիպման վերջակետը։


Բլագոյա Միլևսկիի գլխավորած հավաքականն առաջին հաղթանակը տարավ և 4 միավորով գլխավորեց չորրորդ խմբի մրցաշարային աղյուսակը։ Հայաստանը 3 միավորով երկրորդ տեղում է, Լատվիան նույնքան միավորով և երրորդն է, իսկ Ֆարերյան կղզիների հավաքականը 1 միավորով եզրափակում է խումբը։


Ազգերի լիգա, C դիվիզիոն, երկրորդ տուր

Չորրորդ խումբ


Հյուսիսային Մակեդոնիա - Հայաստան` 2-0