ԱԺ է այցելել Ռաուլ Վալենբերգի անվան ինստիտուտի պատվիրակությունը. քննարկվել են գործակցության հնարավոր ուղղությունները

Շատ բարձր եմ գնահատում Ազգային ժողովի և Ձեր ղեկավարած կառույցի միջև ձևավորված ամուր համագործակցությունը, կարևորում եմ  նաև ԱԺ աշխատակազմի կարողությունների զարգացմանն ուղղված՝ Ռաուլ Վալենբերգի անվան ինստիտուտի հետ համատեղ իրականացվող միջոցառումները: Այս մասին ասել է ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը՝  հանձնաժողովի անդամներ Տիգրան Պարսիլյանի և Մարինա Ղազարյանի հետ սեպտեմբերի 19-ին հանդիպելով Ռաուլ Վալենբերգի անվան մարդու իրավունքների ինստիտուտի նորանշանակ տնօրեն Պետեր Լունդբերգի և նրա ղեկավարած պատվիրակության անդամների  հետ:


Ռուստամ Բաքոյանը շնորհավորել է Պետեր Լունդբերգին այդ պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, ներկայացրել հանձնաժողովի գործունեության ոլորտներն ու իրականացվող աշխատանքները:


Նա և հանձնաժողովի անդամներն արժևորել են կառույցի հետ համագործակցության ամրապնդումը, ընդգծել փորձի փոխանակման կարևորությունը:


«Ընդհանուր առմամբ, խորհրդարանական մեր վերահսկողությունն իրականացնում ենք, և հենց այստեղ է, որ Ձեր ղեկավարած կազմակերպության աջակցությունն ենք զգում»,- հանձնաժողովի գործունեությունը ներկայացնելով՝ նշել է Ռուստամ Բաքոյանը:


Ռաուլ Վալենբերգի անվան մարդու իրավունքների ինստիտուտի նորանշանակ տնօրենը, շնորհակալություն հայտնելով հանդիպման համար, նշել է, որ կառույցը թեև փոքր է, սակայն համագործակցում է 70 երկրի հետ:

«Ես հպարտ եմ, որ կարողացել ենք գրասենյակ հիմնել այստեղ՝ Հայաստանում»,- ասել է նա՝ հավելելով, որ լրացել է Հայաստանում գրասենյակի գործունեության մեկ տարին:


Անդրադառնալով մարդու իրավունքների պաշտպանության հարցին՝ Պետեր Լունդբերգը, մասնավորապես, ասել է. «Կցանկանայի նաև Հայաստանին շնորհավորել այն առաջընթացի կապակցությամբ, որ ունեցել է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում: Իհարկե, մենք հասկանում ենք, որ մեկ օրում մարդու իրավունքների պաշտպանության կատարյալ վիճակի հնարավոր չէ հասնել, բայց կարևոր է, որ ձեր երկիրն այդ ուղղությամբ է շարժվում»: Նա նաև հավելել է, որ նշված ոլորտում դեռևս շատ անելիքներ կան:


Պետեր Լունդբերգը ներկայացրել է 40-ամյա կառույցի գործունեության ուղղությունները, կարևորել ՀՀ Ազգային ժողովի հետ համագործակցության խորացումը:


«Հուսով եմ, որ ՄԱԿ-ի միջոցով կշարունակենք ձեզ հետ աշխատել: Հետաքրքրված ենք մի շարք ոլորտներում համագործակցությամբ, ինչի ուղղությամբ արդեն աշխատանքներ են տարվում»,- ասել է կառույցի ղեկավարը:

Զրուցակիցները երկուստեք կարևորել են համագործակցության ամրապնդումն ու խորացումը: