ԱՄՆ-ում, ՌԴ-ում տներ ունեցող Հաշվեքննիչ պալատի նախկին նախագահն ու նրա ընտանիքի անդամները կանչվել են դատախազություն

Էներգետիկայի նախկին նախարար, Հաշվեքննիչ պալատի նախկին նախագահ Լևոն Յոլյանը և նրան փոխկապակցված ևս մի քանի անձ՝ դուստրը՝ Մերի Յոլյանը, կինը՝ Անուշ Ասլանյանը, Հարություն Ասատրյանը  հոկտեմբերի 3-ին հրավիրված են ՀՀ դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն։ «Ազդարար» հարթակում հրապարակված ծանուցագրերից տեղեկացանք, որ վերոհիշյալ անձանց պատկանող գույքերի վերաբերյալ դատախազությունում կատարվել է ուսումնասիրություն, կազմվել են ամփոփագրեր։ Յոլյանն ու նրան փոխկապակցված անձինք պետք է ներկայանան դատախազություն՝ ծանոթանալու գործի նյութերին, ներկայացնելու դիրքորոշում, ինչպես նաև հայտարարագիր:  


Նշենք, որ Լ. Յոլյանը  զբաղեցրած պաշտոնից հրաժարական տվեց 2022 թ. հունվարին։ «14 տարի է՝ ոլորտում եմ, որից 5 տարին պալատն եմ նախագահում, պաշտոնավարման քիչ՝ մեկ տարուց էլ պակաս ժամանակ էր մնացել, ու ընտանեկան, անձնական, այլ ծրագրերի հետ կապված գործեր կան, որոնցով այս պահին զբաղվելն ավելի կարևոր ու առաջնահերթ է»,- իր հրաժարականի պատճառն այսպես էր մեկնաբանել Յոլյանը։


2022 թ. իր՝ պաշտոնը դադարեցնելու  օրվա դրությամբ ունեցած գույքի հայտարարագրում պետական ապարատում երկար տարիներ աշխատած Յոլյանը հայտարարագրել է 13 անշարժ գույք։ Մասնավորապես մեկ անհատական բնակելի տուն ԱՄՆ-ում, որը նվիրատվություն է ստացել 2021-ին, մեկ բնակարան  ՌԴ-ում, որը գնել է 1994-ին,  Երևանի Կենտրոնում գտնվող մեկ բնակարան և այգետնակ,  հողամասեր, հասարակական նշանակության շինություններ Ծաղկաձորում, հողամաս և արտադրական նշանակության շինություն Արտաշատում,  Քարաշամբում գտնվող այգետնակ և հողամաս, որոնք ձեռք են բերվել 1984-ին, հասարակական նշանակության շինություն Երևանում, որը գնել է 2005-ին։