Երեկ՝ նոյեմբերի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:00-ի սահմաններում Մարգարյան և Ֆուչիկ փողոցների խաչմերուկում՝ «Արմենիա» բժշկական կենտրոնի հարևանությամբ բախվել են «Opel Vectra» մակնիշի և «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, և, ըստ քաղաքացիների հայտնածի, օպերատիվ են գործել Երևանի շտապբուժօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։