Արագածոտնի մարզում անցկացվել է ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն

ՆԳՆ փրկարար ծառայությունից տեղեկացնում են՝ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի մշակույթի տանն անցկացվել է «Փրկարարական և որոնողափրկարարական աշխատանքների կազմակերպումը և իրականացումն ուժեղ երկրաշարժի դեպքում» թեմայով ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն։


 

Ուսումնավարժության առանցքային նպատակն էր՝


 

• ստուգել և կատարելագործել արձագանքող ուժերի գործնական հմտությունները փրկարարական և վթարավերականգնողական աշխատանքների իրականացման գործում.


 

• ստուգել ուժերի և միջոցների տակտիկատեխնիկական հնարավորությունները.


 

• ամրապնդել արձագանքող ուժերի միջև փոխհամագործակցության կազմակերպումն ու գործողությունների ներդաշնակումը։


 

Ուսումնավարժությանը մասնակցում էին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության, Ապարանի հրշեջ-փրկարարական ջոկատի, Ապարանի ոստիկանության բաժնի ծառայողները, «Ապարանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի շտապ բուժօգնության ծառայության, «ՀԷՑ» ՓԲԸ Մուսալեռ մասնաճյուղի Ապարանի շրջանային էլցանցի, «Գազպրոմ Արմենիա» Արագածոտնի ԳԳՄ Ապարանի տարածքային տեղամասի խմբերը և Ապարանի համայնքապետարանի ներկայացուցիչները։


 

Ըստ ուսումնավարժության սցենարի՝ Ապարան քաղաքից 2 կմ հարավ-արևելք տեղի էր ունեցել 8 բալ ուժգնությամբ երկրաշարժ, ինչի հետևանքով մասնակի փլուզվել էր Ապարանի մշակույթի տան վարչական շենքը: Հիմքային մասի թուլացման պատճառով տեղի էր ունեցել հիմնական ամրաններից կառուցատարրերի անջատում, երկրորդ և երրորդ հարկերը միացնող աստիճանավանդակները մասնակի փլուզվել էին, կային տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստացած պայմանական տուժածներ։ Բեմային հատվածում հրդեհ էր բռնկվել, առկա էր նաև գազի արտահոսք:


 

Մասնակիցներին առաջադրվել է՝ ուսումնավարժության ողջ ընթացքում խաղարկել իրավիճակների զարգացման պլանով նախատեսված միջանկյալներ: Կազմակերպվել է համապատասխան արձագանքում, իրականացվել հրդեհաշիջման, որոնողափրկարարական և վթարավերականգնողական աշխատանքներ:


 

Ուսումնավարժության ավարտին ամփոփվել են արդյունքները, տրվել համապատասխան հանձնարարականներ: