ՀՀ ԱԺ-ում Անդորրայի խորհրդարանի նախագահը Հրվ․ Կովկասում խաղաղություն հաստատելու գործում ջանքեր գործադրելու պատրաստակամություն է հայտնել

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամներ Հռիփսիմե Գրիգորյանը և Մարիա Կարապետյանը սեպտեմբերի 23-ին հանդիպել են Անդորրայի Իշխանապետության խորհրդարանի նախագահ Կառլես Էնսենյատ Ռեիգի հետ: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:


Հանդիպմանը ներկա է եղել Անդորրայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սոս Ավետիսյանը:


Ողջունելով հյուրին՝ Հռիփսիմե Գրիգորյանը կարրորել է Հայաստանի և Անդորրայի խորհրդարանների միջև ինստիտուցիոնալ համագործակցության զարգացումը, միջազգային կազմակերպություններում խորհրդարանական պատվիրակությունների արդյունավետ  գործակցությունը: Պատգամավորն ընդգծել է արտաքին հարաբերությունների հանձնաժողովների միջև հարաբերությունների ակտիվացման անհրաժեշտությունը:


Հռիփսիմե Գրիգորյանը և Մարիա Կարապետյանը խոսել են կրթական, տնտեսական, լեռնադահուկային զբոսաշրջության ոլորտներում փոխգործակցության ներուժի օգտագործման և փորձի փոխանակման մասին:


Հայ խորհրդարանականներն անդրադարձել են ՀՀ-ԵՄ ընդլայնվող փոխգործակցությանը, ներկայացրել տարածաշրջանում երկարատև խաղաղության հատատմանն ուղղված հայկական կողմի ջանքերը: Այս համատեքստում Մարիա Կարապետյանը բարձրաձայնել է ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը:


Անդորրայի Իշխանապետության խորհրդարանի նախագահը եւս կարևորել է Հայաստանի օրենսդիր մարմնի հետ համագործակցության խորացումը, տարբեր բնագավառներում հարաբերությունների զարգացումը: Կառլես Էնսենյատ Ռեիգը Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու գործում ջանքեր գործադրելու պատրաստակամություն է հայտնել: