Պողոս Պողոսյանի սպանության առնչությամբ մեկնարկած դատաքննությունը հետաձգվեց
Պաշտպանական կողմը դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու համար դատարանի աշխատակազմից՝ իրենց, որոշակի փաստաթղթեր տրամադրելու պահանջ ներկայացրեց և խնդրեց դատը հետաձգել ողջամիտ ժամկետով՝ ինքնաբացարկի պատճառաբանված գրավոր միջնորդություն ներկայացնելու համար։ Մեղադրող դատախազը և տուժողի իրավահաջորդի փաստաբանը դատը հետաձգելու և փաստաթղթեր ստանալու մասով առարկություն չունեին։ Սակայն դատավորին ինքնաբացարկ հայտնելու մասով առարկեցին։ Դատավորը պարզաբանեց, որ պաշտպանական կողմը հիմա ինքնաբացարկի միջնորդություն չի ներկայացնում, այլ՝ դատը հետաձգելու։ Արդյունքում դատարանը որոշեց հետաձգել դատական նիստը մինչև մարտի 4-ը, ժամը՝ 16:00-ն։ 

Հիեցնենք, որ 2020 թվականի հուլիսի 7-ին Վերաքննիչ քրեական դատարանը բավարարեց գլխավոր դատախազության բողոքը և բեկանեց 19 տարի առաջ Երևանի «Առագաստ» սրճարանում Պողոս Պողոսյանի սպանության գործն ու այն ուղարկեց նոր քննության՝ պայմանավորված նոր երևան եկած  հանգամանքներով։ Նոր երևան եկած հանգամանք էր դիտվել Մեծ Բրիտանիայի քաղաքացի Սթիվեն Ջոն Նյուտոնի ցուցմունքը։ Վերջինս հեղափոխությունից հետո վերադարձել էր Հայաստան և դիմել էր Գլխավոր դատախազություն ու մանրամասներ ներկայացրել սպանությունից։ Սպանության օրը Սթիվեն Նյուտոնը եղել էր «Առագաստ» սրճարանում և ականատես եղել տեղի ունեցածին։ Գլխավոր դատախազությունը, ուսումնասիրելով Նյուտոնի հայտարարությունը և կատարելով մի շարք այլ ուսումնասիրություններ, եզրահանգել էր, որ Պողոս Պողոսյանին կյանքից զրկել են ոչ թե անզգույշ ծեծի հետևանքով, այլ տեղի է ունեցել ավելի ծանր հանցագործություն՝ սպանություն, այն էլ՝ մի խումբ անձանց մասնակցությամբ։ Այդ հանցագործության համար, սակայն, Քոչարյանի թիկնազորի պետ՝ Աղամալ Հարությունյանը դատապարտվել էր 2 տարի պայմանական ազատազրկման։