ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանում ելույթ ունենալով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից հնչող պնդմանը, թե ՀՀ սահմանադրությունը տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ։
«Ադրբեջանը պնդում է, թե խաղաղության պայմանագրին խոչընդոտում է ՀՀ սահմանադրությունը, որն, իբրև թե, տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ․ մեր սահմանադրության մեջ նման բան չկա, չկան տարածքային պահանջներ Ադրբեջանի նկատմամբ, ավելի մանրամասն գրավոր հիմնավորումներ կարող ենք տրամադրել այս հարցով հետաքրքրվող մեր բոլոր միջազգային գործընկերներին։ Ասեմ ավելին, Ադրբեջանի սահմանադրությունն է տարածքային պահանջներ պարունակում ՀՀ նկատմամբ, սրա մասին էլ կարող ենք գրավոր հիմնավորումներ ներկայացնել, բայց ուշադրություն դարձրեք՝ մենք Ադրբեջանի սահմանադրությունը Խաղաղության պայմանագրի խոչընդոտ չենք համարում այն պարզ պատճառով, որ պայմանագրի նախագծի համաձայնեցված մասում ունենք ձևակերպում, որը լուծում է այդ խնդիրը, և այն հետևյալն է․ կողմերից որևէ մեկը չի կարող վկայակոչել իր ներքին օրենսդրության դրույթները՝ որպես հիմնավորում սույն համաձանագրի չկատարման համար, հետևաբար պայմանագրի ստորագրումը կհասցեագրի թե Հայաստանի, թե Ադրբեջանի մտավախությունները և իրավական երաշխիքներ կստեղծի դրանց հիմնարար հասցեագրման համար»,- ասաց նա
Դիմելով ներկաներին՝ ՀՀ վարչապետը շեշտեց՝ խաղաղությունն այնքան մոտ է, հարկավոր է ընդամենը ձեռքը մեկնել և վերցնել այն։
«Դա հեշտ չէ ոչ Ադրբեջանի, ոչ Հայաստանի համար, որովհետև մեզնից յուրաքանչյուրն ունի իր ճշմարտությունը, և այդ ճշմարտությունների շուրջ բանավեճը բերել է թշնամության, զոհերի, պատերազմների։ Ցավը շատ խորն է և մեծ, բայց հիմա մենք պետք է կենտրոնանանք խաղաղության վրա, որովհետև խաղաղությունն է միակ ճշմարտությունը, որը հասկանալի է թե Հայաստանի, թե Ադրբեջանի ժողովուրդներին, այն կբացի մեր աչքերը, կփակի թշնամության աղբյուրները, բոլորիս հայացքները կուղղի դեպի ապագա»,- ասաց նա։