Գևորգ Պապոյանն ընդունել է ՀԲ ներկայացուցիչներին. անդրադարձ է կատարվել Հայաստանում զբոսաշրջության ոլորտի զարգացմանը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 27-ին ընդունել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներին։ Հանդիպմանը առցանց միացել է նաև ՀԲ աղետների ռիսկի կառավարման ավագ մասնագետ Թաֆաձվա Դյուբը:


Ինչպես հայտնել են նախարարությունից, քննարկվել են Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման (LEIDP) ու Զբոսաշրջության և մարզային ենթակառուցվածքների բարելավման (TRIP) ծրագրերը, որոնց նպատակն է բարելավել ենթակառուցվածքային ծառայություններն ու կարողությունները Հայաստանի տարբեր մարզերում։


Զրուցակիցները մտքեր են փոխանակել LEIDP և TRIP ծրագրերի մանրամասների, ֆինանսական բաղադրիչների, առաջնահերթ գործողությունների շրջանակի ու իրականացման հնարավոր ժամկետների վերաբերյալ:


Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում զբոսաշրջության ոլորտի զարգացմանն ու ՀԲ-ի աջակցությամբ իրականացվող ծրագրերի շրջանակում զբոսաշրջային կլաստերների ընդլայնման հնարավորությանը։