ՀՀ Ազգային ժողովի Հայաստան-Իսպանիա բարեկամական խմբի ղեկավար Տաթեւիկ Գասպարյանը սեպտեմբերի 30-ին հանդիպել է Իսպանիայի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Քրիստինա Կոնեսա Սանչոյի հետ:
Ողջունելով հյուրին խորհրդարանում` Տաթեւիկ Գասպարյանը նշել է, որ վերջին տարիներին նկատելի առաջընթաց է գրանցվել հայ-իսպանական հարաբերություններում, ինչին նպաստել են նաեւ բարձրաստիճան պաշտոնյաների երկկողմ հանդիպումները:
Տաթեւիկ Գասպարյանը բարձր է գնահատել Քրիստինա Կոնեսա Սանչոյի` հատկապես Հայաստանի մարզերում երիտասարդական ծրագրերի իրականացման հարցում գործուն քայլերը:
Անդրադառնալով Հայաստան-Եվրամիություն ընդլայնվող համագործակցությանը` բարեկամական խմբի ղեկավարն արժեւորել է այդ ձեւաչափում Իսպանիայի հետ գործակցությունը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Իսպանիայի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարը կարեւորել է Հայաստան-ԵՄ խորացող գործընկերությունը: Քրիստինա Կոնեսա Սանչոն միջխորհրդարանական կապերի սերտացմանը նպաստելու պատրաստակամություն է հայտնել:
Խոսելով խորհրդարանական համագործակցության մասին` պատգամավորը կարեւորել է ԱԺ Հայաստան-Իսպանիա բարեկամական խմբի ակտիվ գործակցությունն իսպանացի գործընկերների հետ: Այս համատեքստում կողմերը քննարկել են ինչպես խորհրդարանական, այնպես էլ մի շարք ոլորտներում փոխգործակցության զարգացման հնարավորություններին առնչվող հարցեր: