ԵԱՏՄ-ի ներսում պետական փաստաթղթաշրջանառության թվայնացումը խիստ կարևոր է. Նիկոլ Փաշինյան

Պետությունների թվայնացման գործընթացը պետք է ածանցվի հասարակության և բիզնեսի համար հարմար լինելուն, այլ ոչ թե հակառակը. այս մասին Եվրասիական տնտեսական համաժողովի լիագումար նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:



«Թվային հասարակություն և զարգացած տնտեսություն կառուցելու համար որոշել ենք նախևառաջ մեր թվային ճարտարապետությունն ամրագրել երկու սկզբունքների վրա՝ վստահություն և անվտանգություն: Թվային գործընթացները պետք է լինեն պարկտիկ, արդիական  և օգտակար մարդկանց ու բիզնեսի համար: Իսկ եթե սա տեղի չի ունենում, ուրեմն սա ոչ թե թվայնացում  է, այլ դրա իմիտացիա, ինչն իհարկե անօգուտ է: Պետք է տեղի ունենա պետական ծառայությունների աշխատանքի ամբողջական թվայնացում», - ասել է վարչապետը:



Նրա համոզմամբ՝ հարկավոր է ոչ թե մասնակի թվայնացում անել, այլ ստեղծել այնպիսի ծառայություններ, որոնք կհամապատասխանեն մեր քաղաքացիների և բիզնեսի կենսական նշանակություն ունեցող կարիքների բավարարմանը և օպերատիվ արձագանք կապահովեն կարևոր իրադարձություններին: