Գոհունակությամբ եմ արձանագրում, որ մեր երկրների միջև հարաբերությունները դինամիկ զարգանում են. Փաշինյանը՝ Շոլցին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Օլաֆ Շոլցին ազգային տոնի՝ Միասնության օրվա առթիվ: 


Շնորհավորական ուղերձում ասված է.


 «Ձերդ գերազանցություն, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Գերմանիայի բարեկամ ժողովրդին ազգային տոնի՝ Միասնության օրվա առթիվ: Գերմանիան Հայաստանի վստահելի ու կայուն գործընկերներից է։ 


Գոհունակությամբ եմ արձանագրում, որ մեր երկրների միջև հարաբերությունները դինամիկ զարգանում են տարբեր ուղղություններով՝ քաղաքական, տնտեսական, էներգետիկ, մշակութային, կրթական, միջխորհրդարանական և ապակենտրոնացված համագործակցության ոլորտներում: Հայաստանի և Գերմանիայի միջև ընթացիկ տարին առանձնացել է նաև բարձր մակարդակի փոխայցելություններով և ակտիվ շփումներով։ 


Մենք գնահատում ենք մեր պետությունների միջև առկա բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը և կարևորում Գերմանիայի ջանքերը մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման գործընթացում՝ հիմնված ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիության սկզբունքների վրա։


Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով նոր հաջողություններ կգրանցենք երկկողմ և բազմակողմ համագործակցության շրջանակներում՝ ի շահ մեր ժողովուրդների»։