«Սրբազան պայքար» կոչեցյալ շարժման «ճարն» այն աստիճան է կտրել, որ երեկվա
«հուժկու» հանրահավաքի ժամանակ բեմ բարձրանալու և ճառելու հնարավորություն էր
տրվել բազմաթիվ ընդդիմադիր շարժումների համաառաջնորդ ու մասնակից, Սերժ Սարգսյանի
նախկին կադր, նրա կողմից մեդալի արժանացած, նախկին դեսպան, ՄԻՊ նախկին թեկնածու Էդգար Ղազարյանին։ Պարոն Ղազարյանն էր,
հիշեցնենք, որ մի երկու տարի առաջ «Անկախության շարժում» էր նախաձեռնել ու ժամկետ
էր տվելՆիկոլ Փաշինյանին հրաժարական տալու համար, սակայն փափագելի հրաժարականն
այդպես էլ նշված ժամկետում տեղի չունեցավ։ Չգիտենք էլ՝ այդ շարժումից որ տառը մնաց՝
«ա՞»-ն, թե՞ «շ»-ն։ Ծանոթ ձեռագիր է, չէ՞։
Ով գիտե, գուցե հենց Էդգար Ղազարյանն է
զբաղվում «սրբազան շարժման» մենեջմենթով ու իր կողմից կիրառված ու խայտառակությամբ
պսակված մեթոդներն առաջարկում նաև Բագրատ Գալստանյանին։ Իզուր չէ, որ արդյունքը լինում է նույնը՝ ձախողում
և խայտառակություն։
Ինչևէ։ Էդգար Ղազարյանի
«անհամեստ անձին» անդրադառնալու առիթը ոչ թե հերթական անգամ ցուցանելն է, թե ինչ
անբարեհույս գործիչների հույսին է մնացել սույն շարժումը (որոնց նախաձեռնած
միջոցառումներին երևի թե նրանց իսկ ընտանիքի անդամներն են ալարում մասնակցել), այլ
անդրադառնալը ընդդիմադիր գործչի՝ հեղափոխության ու դրան հաջորդած
իրադարձությունների վերաբերյալ «պատմական էքսկուրսներին», որոնք, իբր, վկայում են,
որ հեղափոխական թիմը զավթել է իշխանությունը, որպեսզի... այո՛, այո՛, տանուլ տա պատերազմը,
կապիտուլյացիա ստորագրի և այն հետագայում ձևակերպի «խաղաղության պայմանագրի» տեսքով։ Անկեղծ
ասած, պարոն Ղազարյանի ստեղծագործական երևակայության (ակնհայտորեն բուժման կարիք
ունեցող) արգասիքներին հակադրվելու ոչ
կարողություն, ոչ էլ, ինչպես ասում են՝ հավես ունենք, բայց ուզում ենք «սրբազան
պայքարի» այս խրոխտ մարտիկի հետևորդներին հիշեցնել, թե ով էր և ինչ էր անում Պանիկովսկին,
ներողություն՝ Էդգար Ղազարյանը նախքան հեղափոխությունը, հեղափոխությունից հետո։ Այո,
ՀՀԿ-ական պատկանելությամբ պետական չինովնիկ՝ Վայոց ձորի մարզպետից մինչև դեսպան՝ նախկին
ռեժիմի օրոք, և երկրիս բարձր դատարանի՝ ՍԴ-ի աշխատակազմի ղեկավար՝ այս «դավաճան»,
«հողատու», «Արցախը թուրք-ադրբեջանական տանդեմին հանձնելու համար իշխանությունը
զավթած» կառավարության օրոք։ Նկատենք, որ սկզբունքային ու ռազմահայրենասեր Էդգար
Ֆերդինանդովիչը ՍԴ-ին հրաժեշտ է տվել «փիս» ժամանակ՝ 2020 թ. նոյեմբերի 3-ին, ընդ
որում, ոչ թե սեփական դիմումի համաձայն, այսինքն՝ համաձայն չլինելով այս՝ հեղափոխությամբ
երկիրը զավթած իշխանության կառավարման ոճի հետ, այլ... նրան հեռացրել են աշխատանքից։ Մեկ տարի ինը ամիս այս հեղափոխական թիմի հետ աշխատած Ղազարյանն իր հրաժեշտի ֆեյսբուքյան ստատուսում, ի դեպ, մասնավորապես գուժել էր, թե քաղաքական իշխող
թիմը հարձակումներ է գործել ՍԴ-ի վրա, բայց
պարզվեց, որ Ղազարյանի նման սկզբունքային մարդը որոշել էր, տեսնելով այդ հարձակումները,
դրանց վրա աչք փակել ու իրեն ռետինե խողովակի տեղ դրած շարունակել պաշտոնավարման
ընթացքը։ Գիտենք, որ Պանիկովսկին հայտնի վեպում նախքան հեղափոխությունը կույր էր,
պարզվեց, փաստորեն, Էդգար Ղազարյանն
էլ։ «Այս աշխատանքի ընթացքում ես հնարավորություն ունեցա նոր գիտելիքներ և
հմտություններ ձեռք բերել իրավունքի ոլորտում, ճանաչել ուժեղ և թույլ մարդկանց, տեսնել,
թե ինչպես են պատասխանատու պահերին իրենց դրսևորում ազնիվ և ստոր մարդիկ, ապրել
փորձության ևս մի շրջան և ինքս ինձ համար ապացուցել Ֆերդինանդ Ղազարյանից ինձ
ժառանգված՝ սեփական գաղափարներին հավատարմությունն ու սկզբունքայնությունը»,- մասնավորապես
նշել էր Ղազարյանը։ Ահա այսպիսի սկզբունքային մարդ է երեկ իր ելույթով
«ծաղկեցրել» «սրբազան շարժումը»,
որին հանգամանքներն են ստիպել դառնալ «լեյտենանտ
Շմիդտի» զավակը, բացառապես ազնիվ
մղումներից, ավելի ճիշտ՝ «մուռից» դրդված՝
տարատեսակ շարժումների միջոցով հասնել նրան, որ իրեն պաշտոնանկ արած իշխանությունը
նույնպես պաշտոնանկ արվի։
Պարզ, պրիմիտիվ, հասկանալի։
Ի դեպ, երեկ տեսախցիկները ֆիքսել էին, թե ինչպես են Ղազարյանի
ելույթի ժամանակ հանրահավաքի մի խումբ մասնակիցներ լքում հրապարակը։ Ի դեպ,
ընդդիմադիր ճամբարում տարակուսած են Էդգար Ղազարյանին նորից մեյդան գցելու
հանգամանքից՝ հաշվի առնելով նրա բացասական ռեյտինգը։ Ի դեպ, Ղազարյանը օրերս
ծաղրանքով էր արտահայտվել մեկ տարի առաջ
այս օրերին ձևավորված «Ազգային կոմիտե»-ի մասին և «նշել» «հանգուցյալի» «յոթն ու
քառսունքը»։ Դրա կազմում էին Իշխան Սաղաթելյանը, Հայկ Մամիջանյանը, Անդրանիկ Թևանյանը,
Վազգեն Մանուկյանն ու Ավետիք Չալաբյանը։ «Անհասկանալի կերպով ստեղծված այս
մարմինն անհետացավ ոչ պակաս անհասկանալիորեն՝ մոռանալով իրենց ստանձնած «ամենի
համար քաղաքական պատասխանատվության և պայքարը հաղթական ավարտին հասցնելու»
հանձնառության մասին։ Ավելին, այդ ինքնակոչ մարմնում ընդգրկված երկու գործիչ,
լինելով նաև ՀՀ ԱԺ պատգամավորներ, մինչև օրս անգամ նախաձեռնություն չեն ցուցաբերել
Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնից անվստահություն հայտնելու համար»,- նշել
էր երևելի ընդդիմադիր գործիչը։
Ընդդիմության կողմնակից լինեինք,
հաստատ կբացականչեինք՝ «Էդգա՛ր, վարչապե՛տ»։
Հ. Մանուկյան