ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը և Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այցելել են Գյումրի։ Այցը մեկնարկել է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մատուցմամբ։

Հաջորդիվ Նիկոլ Փաշինյանը, Վահագն Խաչատուրյանը և Էմանուել Մակրոնը Գյումրու Վարդանանց հրապարակում ներկա են գտնվել «Երաժշտական կամուրջ․ Հայաստան-Ֆրանսիա» խորագրով համերգին։

Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը ողջույնի խոսքով դիմել են Վարդանանց հրապարակում հավաքվածներին՝ շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար։ «Երբ Ֆրանսիայում նախագահ Մակրոնի հետ խոսում էինք, ես իրեն ասում էի՝ Դուք Հայաստանում շատ մեծ ժողովրդականություն եք վայելում, ինքն էլ ասում էր՝ երևի չափազանցնում ես։ Հիմա ամեն անգամ, երբ այսպիսի տեսարան է լինում, ես անընդհատ իրեն հիշեցնում եմ, որ տես, չէի չափազանցնում»,-ասել է Նիկոլ Փաշինյանը և խոսքը փոխանցել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի մեծ բարեկամ Էմանուել Մակրոնին։

«Մինչև գնալս, թանկագին Նիկոլ, պարոն վարչապետ, ցանկանում էի երկու բառ ասել և շնորհակալություն հայտնել ձեզ։ Նախ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նվագախմբին և բոլոր այն երաժիշտներին, որոնք ելույթ ունեցան և կշարունակեն համերգը։ Ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել ձեզ՝ այն ջերմ ընդունելության համար, որ ինձ և իմ ողջ պատվիրակությանն արժանացրեցիք Երևանում և այստեղ՝ Գյումրիում», - ասել է Էմանուել Մակրոնը։

Ֆրանսիայի նախագահը նշել է՝ ոչ ոք չի մոռացել 1988 թվականի դեկտեմբեր ամիսը, երբ ժամացույցները կանգ առան, ամբողջ քաղաքը քարացավ և աշխարհը կանգնեց ոտքի՝ քեզ համար Հայաստան, և Գյումրին վերածնվեց դժոխքից և ձմեռվանից հետո, նոր գարուններ եկան։ «Եվ մեկնելուց առաջ ցանկանում էի ձեզ ասել, որ չափազանց հպարտ էի լինել այստեղ՝ ձեր կողքին։ Մենք գիտենք բոլոր այն դժվարությունները, որի միջով դուք անցել եք այս վերջին տարիներին։ Եվ քանի Գյումրին այստեղ է, Հայաստանն առաջ է գնում խաղաղությամբ, կայունությամբ՝ Եվրոպայի կողքին։ Եվ ինչպես մենք ձեր կողքին էինք 1988 թվականի դեկտեմբերին, այնպես էլ կլինենք հիմա ձեր կողքին։ Շնորհակալություն Գյումրի, շնորհակալություն Հայաստան։ Եվ երբեք չմոռանաք՝ Ֆրանսիան սիրում է ձեզ։ Կեցցե՛ Հայաստանը, կեցցե՛ Ֆրանսիան և կեցցե՛ Գյումրին», - ասել է Էմանուել Մակրոնը։
