ՀԾԿՀ-ն սահմանել է նոր կարգավորումներ էլեկտրաէներգիայի հաճախակի ընդհատումների վերաբերյալ

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հայտնում է՝ համաձայն նոր կարգավորումների, սպառողի էլեկտրամատակարարման վթարային ընդհատման և դրա վերականգնման Էլեկտրամատակարարման բաշխման ցանցային կանոններով սահմանված ժամկետներից յուրաքանչյուրի խախտումը մեկ օրացուցային տարվա ընթացքում կրկնելու դեպքում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն կվճարի տույժ՝ սպառված էլեկտրաէներգիայի միջին ամսական արժեքի 50 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 10000 դրամը:


«Նմանատիպ կարգավորումներ սահմանվել են նաև խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման կանոններում։


Նոր կարգավորումներն ուժի մեջ կմտնեն 2025 թվականի հունվարի 1-ից։


Գործող էլեկտրաէներգետիկական շուկայի բաշխման ցանցային կանոնների համաձայն՝


  • բաշխողը վճարում է տույժ` էլեկտրամատակարարման պլանային, վթարային ընդհատման և դրա վերականգնման՝ կանոններով սահմանված ընթացակարգի կամ ժամկետների խախտման դեպքում՝ սպառված էլեկտրաէներգիայի միջին ամսական արժեքի 50 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 2500 դրամը։
  • վթարային ընդհատման դեպքերում կանոններով նախատեսված էլեկտրամատակարարման վերականգնման ժամկետների կրկնակին գերազանցելու դեպքերում՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից սպառողին կվճարվի տույժ սպառված էլեկտրաէներգիայի միջին ամսական արժեքի 50 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 3500 դրամը: Այս կարգավորումը ևս գործելու է 2025 թվականի հունվարի 1-ից»,- նշված է հաղորդագրության մեջ։