Դիլիջան-Երևան երթուղու միկրոավտոբուսը կողաշրջված հայտնվել է դաշտում. 1 հոգու փրկել չի հաջողվել, կա 8 վիրավոր

Այսօր՝ հոկտեմբերի 9-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 14:50-ի սահմաններում մարդատար «Գազել» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհի 20 կմ հատվածում՝ դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, մի քանի պտույտ շրջվելով բախվել քարերին և կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում:


Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 8 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են մի մասը՝ Աբովյանի, մի մասը՝ Երևանի տարբեր բժշկական կենտրոններ:


Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, ինչպես նաև օպերատիվորեն ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի պարեկներն ու Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները:


Օպերատիվ են գործել «Աբովյան» բժշկական կենտրոնի և Բյուրեղավանի բժշկական ամբուլատորիայի բժիշկները:

Դեպքի վայր է ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության պետ ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանը:


Ժամանել են նաև ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:


Վթարի մասին ՊԾ Կոտայքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Հովհաննես Չալաբյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Տիգրան Բաղյանի և Գրիգոր Դալլաքյանի գլխավորությամբ:


Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի, մահացածի և վիրավորների ինքնությունը:


Գ. Շամշյանի տեղեկություններով՝ «Գազել»-ը սպասարկում է Դիլիջան-Երևան միջհամայնքնային երթուղին:


Վիրավորներից 2-ը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում, մնացածի վիճակը միջին ծանրության է:


Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք: