«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը
հրավիրում է հաջողակ տղամարդկանց մասնակցելու բարեգործական ընթրիքի, նախագիծը կոչվում
է «Երիտասարդի երազանք»։ Մեկ տոմսի արժեքը 1 մլն ՀՀ դրամ է։
Թեմայի վերաբերյալ Civic.am-ը զրուցել
է «Իմ Քայլը» հիմնադրամի Ծրագրերի և արտաքին կապերի գծով փոխտնօրեն Թալին Թօփալաքեանի
հետ։
- Տիկին Թօփալաքեան, կխնդրեմ առավել
մանրամասնեք, թե ո՞րն է այս նախագծի նպատակը։
- Նախագիծն իրականացվում է «Հաջողակից՝
սկսնակին» ծրագրի շրջանակում, որն ունի 2 նպատակ՝ ձևավորել և ավանդույթ դարձնել բարեգործության նոր մշակույթ, կամուրջ դառնալ տարբեր բնագավառներում
հաջողության հասածների և առաջին քայլերը կատարողների միջև՝ այդպիսով խթանելով Հայաստանում
փոքր ձեռնարկատիրությունը: «Երիտասարդի երազանք» նախագծի շրջանակում հոկտեմբերի
31-ին կկազմակերպվի բարեգործական ընթրիք, որի ողջ հասույթը կուղղվի 25-40 տարեկան տղամարդկանց՝
փոքր բիզնեսն ընդլայնելու կամ բիզնես գաղափարը կյանքի կոչելու համար: Ծրագրի շահառուները
կհաճախեն բիզնեսի պլանավորման և կառավարման դասընթացների, կստանան բիզնեսի վարման հիմնարար
գիտելիքներ, իսկ լավագույն բիզնես պլանները կարժանանան դրամաշնորհի:
- Արդյոք կա՞ն արդեն դիմողներ,
թե՞ ոչ։
- Այո, բավականին մեծ է հետաքրքրությունը,
ունենք բավականաչափ թվով դիմողներ՝ ինչպես ընթրիքին մասնակցելու, այնպես էլ ծրագրի
շահառու դառնալու համար: Բոլոր արդյունքները կամփոփենք հայտերի ընդունման ավարտից հետո:
- Նմանատիպ ընթրիք անցկացվեց նաև
հաջողակ կանանց մասնակցությամբ, որին մասնակցեց 42 կին։ Այդ ընթրիքից գոյացած հասույթը
մրցույթից հետո ստացան սկսնակ կին գործարարներ, կներկայացնե՞ք մի քանիսի օրինակը, թե
այդ գումարը սկսնակ կանանց բիզնեսում ինչ խնդիր է լուծել։
- Այս տարվա գարնանը հաջողությամբ իրականացվել է «Հաջողակ կին
գործարարների աջակցությունը սկսնակ կին գործարարներին» նախաձեռնությունը, որի արդյունքում
ՀՀ մարզերում գործունեություն ծավալող 42 սկսնակ կին գործարարներ ստացան 1-ական մլն
ՀՀ դրամ ֆինանսական աջակցություն: Ոլորտները տարբեր էին՝ չրագործություն, հացաբուլկեղենի
և հրուշակեղենի արտադրություն, հյուրատներ, խնամքի միջոցների արտադրություն և այլն:
Հիմնականում կանայք դրամաշնորհն օգտագործել են նոր սարքավորումներ ձեռք բերելու, բիզնեսն
ընդլայնելու, հյուրատների դեպքում՝ նոր սենյակներ և ամառային խոհանոցներ կահավորելու
նպատակով: Առաջիկայում Հիմնադրամը որպես հաշվետվություն կներկայացնի «Հաջողության պատմություններ»
նախագիծը:
- Այս ընթրիքի մասնակիցների թիվը
նո՞ւյնպես 42 է լինելու։
- Մասնակիցների քանակ սահմանված
չէ, կլինեն այնքան, որքան պատրաստակամություն կհայտնեն մասնակցելու ընթրիքի: Ըստ մասնակիցների
քանակի՝ կկազմավորվի նաև դրամաշնորհային բյուջեն:
- Այս նախագիծը կկրի՞ շարունակական
բնույթ։
- Ծրագիրը կլինի շարունակական,
յուրաքանչյուր տարի կանցկացվի 2 անգամ՝ գարնանը և աշնանը, և յուրաքանչյուր փուլում
տարբեր կլինեն և՛ ընթրիքի մասնակիցների, և՛ ծրագրի շահառուների թիրախային խմբերը:
Լիլիթ Թադևոսյան