Ցանկացած պաշտոնյա պետք է լինի շատ զուսպ․ Անդրանիկ Քոչարյանը՝ ԱԺ երեկվա միջադեպի մասին

Ես կարծում եմ, որ ցանկացած պաշտոնյա պետք է լինի շատ զուսպ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով հոկտեմբերի 15-ին Ազգային ժողովում  Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպին։


«Ես կարծում եմ, որ ցանկացած պաշտոնյա պետք է լինի շատ զուսպ։ Ազգային ժողովն ամենաբարձր մարմինն է։ ԱԺ-ում բոլորն, ինչ ասես, կարող են խոսել։ Ինչքան սուր հարցադրումներ եք անում, կամ պատգամավորներ կան՝ սուր հարցադրումներ են հնչեցնում, մեր խնդիրն է լսել,խոսել և հակադարձելուց այնպես անել, որ անձնական վիրավորանքների դաշտ չմտնենք։ Այս միջավայրը, պետական ընկալումները մերժում են «տղայական» մոտեցումները։ Այդ պատճառով խոսվում է պետականության, պետական ինստիտուտների կարևորության, դրա բարեվարքության մասին։ Ես ցանկանում եմ այդ բարեվարքությունը տեսնել ուժային բոլոր կառույցներում, նման զարգացում տեսնում եմ»,-  լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Քոչարյանը։