Բագրատ «kaput?»․ Ինչպե՞ս է դասավորվելու «սրբազան շարժման» հետագա ճակատագիրը

«Սրբազան պայքար»-ի «վերխուշկան» անորոշության մեջ է հետագա անելիքները ճշգրտելու հարցում։  Հոկտեմբերի 6-ի հանրահավաքը, որին հավաքվել էր «մի գազելի պասաժիրի» չափ մարդ, հուշում է, որ պետք է կամ հերթական «թայմ աութը» վերցնել  ու անորոշ ժամանակով դադարեցնել հետագա ակցիաները, ինչպես, օրինակ, Գլխավոր դատախազության շենքի առաջ օրերս տեղի ունեցած «չուչել-փարթին», կամ էլ անկեղծ հայտարարել, որ այս՝ հերթական  շարժումն էլ ձախողվեց, ուստի՝ ներողություն, ցտեսություն, մինչև հաջորդ գարուն։


Իհարկե, այս ընթացքում շարժման որոշ դերակատարներ ու հռետորներ իրենց հայտնի կենդանու տեղը դնելով ազդարարում են, թե շարժումը մտել է «գործնական փուլ», բայց դե, հո իրենք էլ գիտեն, որ ժողովրդին չես խաբի, ժողովուրդն ամեն ինչ պարզ տեսնում ու հասկանում է, այն է՝  իրեն չի դնում հայտնի կենդանու տեղը։ Լուրեր են շրջանառվում, թե հաջորդ ակցիայի իրականացման պատեհ առիթը կարող է լինել  ԱԺ-ում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցով կանոնակարգը վավերացնելու մասին նախագծի քննարկման օրը։ Այն նախատեսված է հոկտեմբերի 21-ին։ Իսկ այսօր Բագրատ Գալստանյանը հրավիրվել է ԱԺ՝ մասնակցելու ընդդիմության կողմից հրավիրված՝  ՀՀ Անկախության հռչակագրի առնչությամբ լսումներին։  Եւ հայտարարել է «Պայքարը շարունակվում է՝ հակառակ բոլոր տեսակի մարդկային տկարությունների, շահերի ու խարդավանքների, որովհետև այս պայքարը ներկա անպատիվ ընթացքը կասեցնելու ու մեր պետականությունը վերականգնելու մասին է»։


Ի դեպ, «սրբազան պայքար»-ի ֆեյսբուքյան էջում մինչ «հնություն» էր՝ որեւէ հայտարարություն, ազդագիր՝ հոկտեմբերի 6-ի խայտառակությունից հետո տեղի ունենալիք հանրահավաքի մասին, չկա։  


Էջի «ադմինը» ստիպված է առաջնորդվել «կրկնությունը գիտության մայրն է» ասացվածքով և ամեն օր հրապարակել  Վազգեն Գալստանյանի նախորդ  հայտարարությունների ծաղկաքաղը։ Ֆեյսբուքյան այս էջում է հրապարակվել նաև մի հոլովակ, որում  երևում է, թե ինչպես է ջահել-ջիվան հոգևորականը պատմում «Լուսավորիչ» երգչախմբի ստեղծման մասին։ Ուղեկցող կադրերում երևում է, թե ինչպես է Գալստանյանը ճեմարանականների հիմնած ֆերմայի տարածքում քայլում ու  ցուցաբերում իր անկեղծ սերը ընտանի կենդանիների հանդեպ՝ շոյում է հորթուկին, համբուրում այծիկին...


Ի դեպ, հիշեցնենք, որ Տավուշից Երևան քայլերթի ժամանակ Գալստանյանին և մյուսներին ընդառաջ եկան գառնուկներ, որոնցից մեկին սրբազան հայրը գրկեց ու «կուճու-կուճու» ասելուց հետո հավելեց. «Գառնիկով, բանով, էս անմեղ կենդանիներով անուշ-անուշ գնում ենք մայրաքաղաք՝ հարցերը լուծելու»։ «Հարցերը լուծել», ինչպես տեսնում  ենք, չստացվեց, ուստի օրակարգային է դառնում  Գալստանյանի և Տավուշում սահմանազատումը կանխելու նպատակով  սկիզբ առած և վաղուց  ժամանակավրեպ  դարձած այս շարժման «հարցերը լուծելու» հարցը։


ՀԳԵրեկ  ուշ երեկոյան «Սրբազան պայքար» ֆեյսբուքյան էջում  մի կարճ հոլովակ հայտնվեց, որը վերնագրված է այսպես «Մի բրնձիր քաղաքացիների պատասխանը Արմեն Գրիգորյանին Անվտանգության խորհրդի գրասենյակի դիմաց»։ Հոլովակում երեւում է, որ Արմեն Գրիգորյանի ֆոտոյով բրնձի  փաթեթներ են շարված ինչ որ «բուրդյուրի» վրա։ Ընդդիմադիր սույն շարժման կազմակերպիչների ստեղծագործական միտքը, փաստորեն, քաղաքական ասելիք երկնելու փոխարեն զբաղված է․․․․ «բրնձելով»։    

 

Հ. Մ.