Ընդդիմադիր գործիչ Բագրատ
Գալստանյանի «երկրորդ գալուստը» Ազգային ժողով՝ «ողջույնի խոսքով» «օրհնելու» իր սիրելի
«Հայաստան» դաշինքի լսումներն Անկախության հռչակագրի անժամանցելիության թեմայով, նշանավորվեց
հայ ժողովրդի մի հատվածին ուղղված ատելության խոսքով, վիրավորանքվ ու սպառնալիքով։
«Կարող էի ասել, որ ինձ չի հուզում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ոչ շարքային
անդամների ճակատագիրը, ոչ պատգամավորների և կառավարության մանր ու միջին կուսակցականների,
իշխանամերձ և իշխանամեջ տարբեր գործիչների և գործիքների ճակատագիրը, ասելով, որ դրանով
թող մտահոգվեն ՀՀ-ում հավատարմագրված դեսպանատներն ու քաղաքական ապաստան տվող տարբեր
կառույցները։ Սակայն կարող եմ ասել, որ ինձ հուզում է «Քաղաքացիական պայմանագիր» ընտրած
680 հազար հայ մարդկանց ճակատին ՔՊ-ի կողմից դաջվող՝ երկիրը հանձնողների պիտակավորումն
ու մեղքը»,-հայտարարեց Կանադայի քաղաքացի, «Նորին մեծություն Չարլզ Երրորդի հպատակ»
(բնորոշումը հանրային գործիչներից մեկինն է), եկեղեցականի հանդերձով, բայց լանջախաչ
չկրող անձնավորությունը, որն, ի դեպ, իր՝ ատելության խոսք պարունակող ելույթը կարդում
էր այն բլոկնոտից, որի տակ դրված էր աղոթագիրքը։
ՀՀ քաղաքացիներն՝ առանց
քաղաքական հայացքների խտրության, անցած կես տարվա ընթացքում, վստահ ենք, համոզվել են,
որ հանդուրժողականություն, սեր, միաբանություն ու հաշտություն քարոզող՝ թող թույլ տրվի
ասել ինքնակոչ քաղգործիչը իր վարքագծով իրականում
մերժում է հանդուրժողականությունն ու հաշտությունը՝
ՀՀ 680 հազար քաղաքացիների կողմից ընտրված ուժի ներկայացուցիչ վարչապետին անվանելով
«նեռ», «չարիք»։ «Աստծո մարդը» երկրիս ամենաբարձր ամբիոնից ապացուցեց ասվածը՝ հաշտարարի
առաքելության հետ կապ չունենալու առումով։ Հանրային համախմբում է քարոզում ու իշխանափոխության
պահանջ է դնում մեկը, ով մարդկանց, որոնք հավասար
են Աստծո առաջ, «սորտավորում» է՝ ըստ «գործիքների», «իշխանամեջ»-ների, «մանր ու միջին
կուսակցականների», նզովում է՝ նրանց ճակատագրի
տնօրինումը վերապահելով օտար պետություններին, ապաև «զոհականացնում» է 680 հազար քաղաքացիներին՝ նրանց ճակատին դաջելով «երկիր հանձնողներ»-ի կնիքը։ Եվ այսքանից հետո,
փաստորեն, այս մարդը, որը երկրիս վարչապետի պաշտոնին էր հավակնում (միաժամանակ չհրաժարվելով
մեկ այլ պետության քաղաքացիությունից), ակնկալում է, որ իր առաջնորդած հավաքներին կարող
է մարդ հավաքել, օտար պետության ուղեցույցով ու նախկին ռեժիմի աջակցությամբ իշխանափոխություն իրականացնել՝ կառավարելու նույն
այդ 680 հազար քաղաքացիների ճակատագիրը։
Նկատենք, որ հեղափոխություն
իրականացրած, վարչապետ Նիկոլ Փաշինյանին աջակցող ու ՔՊ-ին ընտրած քաղաքացիները առաջին
անգամ չէ, որ թիրախավորվում ու անպատվության են արժանանում ընդդիմության կողմից, պիտակվում
որպես «ժեխ», «նախիր», «Նիկոլի զոմբի», «թուրքի եթիմ»... Արքեպիսկոպոսի կոչումով քաղգործիչն էլ, փաստորեն, 680 հազար մարդու ճակատին դաջեց «հող հանձնող»-ի խարանը։
Կոնստրուկտիվ
առաջարկ ունենք Գալստանյանին՝ հանել կապան, թողնել էս ամեն ինչը և «Տատու սալոն» բացել, իրեն էլ հռչակել «Հանրապետության
գլխավոր «տատուիռոֆշիկ»» ու իր սիրելի ընդդիմության ներկայացուցիչների ճակատներին հերթի
տակ դաջել այն էպիտետները, որոնցով նախկին ռեժիմին բնորոշում է ՀՀ քաղաքացիների մեծամասնությունը։ Ասորտիմենտը
բավական լայն է՝ «ընտրակեղծարար»-ից մինչև «թալանչի»։
Իսկ եթե լուրջ, ապա Վազգեն Գալստանյանի հոգեվիճակն ու վարքը, իրոք, պետք է մտահոգի նրա վերադասին, ինչու չէ՝ նաև ուսուցիչներին։ Ոչ միայն քաղաքական, այլև՝ հոգևոր։ Թեև նկատենք, որ սրբազան հայրը «ինչ տեսել, դա էլ սովորել է»։ Նրա ուսուցիչ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն էլ, հիշեցնենք, 2021 թ. ԱԺ ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո ֆեյսբուքյան գրառում էր արել և ՔՊ-ին ընտրած ժողովրդին անվանել «պլեբոս»։ «Պլեբոսը հաղթեց Դեմոսին, Բնակիչը՝ քաղաքացուն, Սուբյեկտիվ սենտիմենտալիզմը՝ օբյեկտիվ պրագմատիզմին, Էրմենիստանը՝ Հայաստանին, վերջապես Բելը՝ Հայկին...»,- գրել էր հոգևորականը, որն, ի դեպ, արդեն իսկ դիագնոզել է իր սանի ղեկավարած շարժման ճակատագիրը՝ ձախողված՝ նախկին նախագահների երեսից։ Հուսանք՝ Շիրակի թեմի առաջնորդը կհորդորի վերհիշել «Անառակ որդու» մասին առակն ու հետևել վերջինիս օրինակին։
Ի դեպ, Գալստանյանի ելույթին
հետևելիս մեզ ամեն պահ թվում էր, թե ուր որ է ամբիոն կբարձրանա Երևանի ավագանու նախկին
անդամ Սոնա Աղեկյանն ու կկրկնի տարիներ առաջ մեկ այլ թեմայով տեղի ունեցած լսումների
ժամանակ կատարած «ռիտուալը»՝ խունկ կվառի՝
ԱԺ բարձր ամբիոնը մաքրելու պղծությունից։
Հ. Մ.