Այսօր Ստամբուլում տեղի կունենա «3+3» ձևաչափով հանդիպումը՝ ԶԼՄ-ների համար փակ ռեժիմով. Մասնակցելու է նաև ՀՀ ԱԳ նախարարը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի ԱԳՆ ղեկավարների հետ տեղի կունենա այսօր Ստամբուլում՝ լրատվամիջոցների համար փակ ռեժիմով։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Թուրքիայի ղեկավարի գրասենյակին։


Նշվում է նաև, որ հանդիպումը կկայանա Թուրքիայի ղեկավարի նստավայրում՝ Երևանի ժամանակով 17:00-ին։


Ավելի վաղ հաղորդվել էր, որ տարածաշրջանային պլատֆորմի հանդիպման ժամանակ Թուրքիայի ԱԳ նախարարը հայտարարելու է, որ աջակցելու է Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացին։


Հավելենք, որ Վրաստանը հրաժարվել է հանդիպմանը մասնակցությունից: Այնուամենայնիվ, ՌԴ ԱԳ նախարար Լավրովը հայտնել է, որ «3+3»-ի դուռը բաց է մնում Վրաստանի համար: