Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Բաքվի և Երևանի միջև խաղաղության հաստատման գործընթացում դրական զարգացումներ են արձանագրվում։
Անդրադառնալով Հարավային Կովկասում տիրող իրավիճակին և Վաշինգտոնում կայացած գագաթնաժողովից հետո հայ-ադրբեջանական հարաբերությունների ընթացքին՝ Բայրամովը ներկայացրել է մի շարք զարգացումներ, որոնք, նրա գնահատմամբ, նպաստում են խաղաղության գործընթացին։
Մասնավորապես, Ադրբեջանի արտգործնախարարը որպես դրական քայլեր նշել է Ադրբեջանի տարածքով Հայաստան տարանցիկ բեռնափոխադրումների մեկնարկը, Հայաստանում նոր Սահմանադրության նախագծի հրապարակումը, ինչպես նաև TRIPP նախագծի շրջանակում գործնական աշխատանքների մեկնարկը։
«Բաքվի և Երևանի միջև խաղաղության հաստատման գործընթացում դրական զարգացումներ են նկատվում»,- հայտարարել է Ջեյհուն Բայրամովը։