ՀՀ կառավարության անունից վստահեցնում եմ, որ պետությունը մշտապես գյուղացու կողքին է. Գևորգ Պապոյանի ուղերձը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը գյուղատնտեսության աշխատողի օրվա առթիվ հանդես է եկել ուղերձով, որում մասնավորապես ասվում է.  


 Հարգելի՛ հայրենակիցներ, 


Այսօր գյուղատնտեսության աշխատողի օրն է, և ես սրտանց շնորհավորում եմ ոլորտի ներկայացուցիչներին այս տոնի առթիվ: Գյուղատնտեսների անմնացորդ նվիրումն ու աշխատասիրությունը մեր ազգի պարենային անվտանգության և տնտեսական կայունության հիմնաքարերն են։


Ոլորտի առջև ծառացած որոշ մարտահրավերների պատճառով գյուղացու նվիրումը  միշտ չէ, որ արդարացնում է սպասումները, բայց նրանց ներդրումներն անգնահատելի են և երբևէ աննկատ չեն մնում։ 


ՀՀ կառավարության անունից վստահեցնում եմ, որ պետությունը մշտապես գյուղացու կողքին է, և պետական աջակցության առանձին ծրագրերի իրականացման միջոցով ՀՀ կառավարությունը շարունակական աշխատանքներ է տանում ոլորտի առաջմղման, ենթակառուցվածքների բարելավման, գյուղի ու գյուղատնտեսության նկատմամբ հետաքրքրության ու գրավչության բարձրացման ուղղությամբ։


Տեղին է նշել, որ գյուղատնտեսությունը մեր տնտեսության առաջատար ճյուղերից մեկն է, և վերջին տարիների միջին ցուցանիշներով, հենց այս ոլորտում է ձևավորվում երկրի համախառն ներքին արդյունքի գրեթե 9 տոկոսը, իսկ գյուղատնտեսական մթերքների վերամշակող արդյունաբերության հետ մեկտեղ ագրոպարենային ոլորտի մասնաբաժինը այդ ցուցանիշը գերազանցում է ավելի քան 2 անգամ։ Ընդհանուր առմամբ, մեր երկրում գյուղատնտեսական համախառն արտադրանքի տարեկան ծավալները կազմում են շուրջ 1 տրիլիոն դրամ։


Գյուղատնտեսության աշխատողների աշխատանքի և նվիրումի հանդեպ մեծագույն հարգանքի և  շնորհակալության զգացումով ևս մեկ անգամ շնորհավորում եմ մասնագիտական տոնի առթիվ և մաղթում տոկունություն, ուժ և եռանդ։