«Մարդը, որը գնել է երկիրը» վերտառությամբ հոդված է հրապարակել Politico-ն։ Հրապարակումը նվիրված է «Վրացական երազանքի» պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիին, որին հոդվածում անվանում են «Վրաստանի ամենահարուստ մարդը, որն իր երկիրը թեքում է դեպի Ռուսաստան՝ հոկտեմբերի 26-ին նախատեսված ընտրություններից առաջ»։
«Պոպուլիստական կուսակցությունը, որը ֆինանսավորում է Իվանիշվիլին, «Վրացական երազանքը», ունի գրեթե անվիճելի ազդեցություն կառավարության վրա։ Նրա քննադատների խոսքով՝
կուսակցական օրենսդիրներն ու նախարարները պարտավոր են հավատարմության երդում տալ
միայն անձամբ Իվանիշվիլիին։ Եվ քանի որ Վրաստանը պատրաստվում է հոկտեմբերի 26-ին
կայանալիք ընտրություններին, որոնք շատերը համարում են կոշտ ընտրություն
Ռուսաստանի և Արևմուտքի միջև, Իվանիշվիլին ավելի ու ավելի է դիտվում որպես ուժ,
որը Վրաստանին դուրս է բերում ԵՄ
ուղեծրից՝ Մոսկվային հանգստացնելու համար»,- ասվում է հոդվածում:
Politico-ն նշում է, որ
Իվանիշվիլին իր կարողությունը կուտակել է Ռուսաստանում 90-ական թվականներին։
«Սկսելով համեստ ուղիով՝ երիտասարդ
վրացին իր համար բացել է աներևակայելի բարգավաճման ուղի՝ վաճառելով էլեկտրոնիկա և արդյունքում
հիմնելով իր սեփական բանկը՝ «Ռուսական Կրեդիտ»-ը, որի գլխավոր գրասենյակը գտնվում
է Մոսկվայում»,- գրում է պարբերականը։
Հոդվածում հիշատակվում է
Իվանիշվիլիի եղբոր առևանգման դրվագը։ Այդ ժամանակ «Վրացական երազանքի» ապագա
հիմնադիրը պաշտպանության խնդրանքով դիմել է Ռուսաստանի կառավարությանը։
«Իսկ հենց դուք սկսում եք համագործակցել
կառավարության կամ անվտանգության ծառայությունների հետ, նրանք արդեն ձեզ երբեք բաց
չեն թողնում իրենց տեսադաշտից»,- պարբերականին տված հարցազրույցում ասել է
ռուսական անվտանգության ծառայությունների առաջատար փորձագետ Իրինա Բորոգանը: