«Հայաստանն ի վիճակի է ապահովել իր տարածքով բեռների և մարդկանց անցման անվտանգությունը». ՀՀ վարչապետը՝ երրորդ երկրի մասնակցության մասին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանին առաջարկել է Նախիջևանի հետ տրանսպորտային հաղորդակցության պարզեցված ռեժիմ։ Այս մասին նա հայտարարել է Կազանում ԲՐԻԿՍ-ի XVI գագաթնաժողովի լիագումար նիստում:


Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանի կառավարության կողմից առաջարկված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը լիովին տեղավորվում է գագաթնաժողովի թեմայի մեջ՝ «ԲՐԻԿՍ և գլոբալ Հարավ՝ ավելի լավ աշխարհի համատեղ կառուցում»։


«Այս ուղղությունը կարող է օգտագործվել նաև Ադրբեջանի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության համար: Հաշվի առնելով դա՝ մենք Ադրբեջանին առաջարկել ենք սահմանային և մաքսային վերահսկողության պարզեցված ընթացակարգերի մեխանիզմներ, ինչպես նաև անվտանգության լրացուցիչ միջոցների ապահովում՝ հաշվի առնելով իրավասությունը և երկու երկրների ինքնիշխանության լիակատար հարգանքը»,- ասել է Փաշինյանը։


Փաշինյանը նաև ընդգծել է, որ Հայաստանն ի վիճակի է ապահովել իր տարածքով բեռների, ռեսուրսների, տրանսպորտային միջոցների և մարդկանց անցման անվտանգությունը և հերքել է լուրերը, թե հաղորդակցության անվտանգությունն ապահովելու է երրորդ կողմը. «Բոլոր հայտարարությունները, թե իբր Հայաստանը համաձայնել է իր ինքնիշխան տարածքում հաղորդակցությունների անվտանգության ապահովման գործում երրորդ երկրի մասնակցությանը, կամ որ դա նախատեսված է որևէ փաստաթղթով, իրականությանը չեն համապատասխանում»։