Անահիտ Մանասյանն այցելել է հաշմանդամություն ունեցող անձանց ծառայություններ մատուցող «Փրկություն» ՀԿ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հոկտեմբերի 24-ին այցելել է «Փրկություն» հասարակական կազմակերպություն, որտեղ ծառայություններ են ստանում հաշմանդամություն ունեցող անձինք:


Նպատակն էր տեղում ծանոթանալ կենտրոնի շահառուների առօրյային և իրավունքների իրացմանը վերաբերելի խնդիրներին:


Անահիտ Մանասյանը կազմակերպության նախագահ Արփինե Աբրահամյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել տարածքով, ուսումնասիրել կենտրոնի շենքային պայմանները, սանիտարահիգիենիկ վիճակը, այդ թվում՝ ճաշարանը, սանհանգույցը, բուժկետը, ծանոթացել ծառայություններ ստացող անձանց առօրյային, զարգացման ծրագրերին։


Պաշտպանը ծանոթացել է նաև կենտրոնի անձնակազմի աշխատանքային պայմաններին։


Կենտրոնի սաները Պաշտպանին անակնկալ են մատուցել. նրանք հանդես են եկել պարային ծրագրով: Անահիտ Մանասյանը շահառուներին հուշանվերներ է հանձնել: 


Այցի ընթացքում արձանագրված խնդիրները կամփոփվեն. Պաշտպանը հանձնառու է ներդնելու իր մանդատին վերաբերելի ամբողջ գործիքակազմը` առկա խնդիրները լուծելու նպատակով։


Մարդու իրավունքների պաշտպանը, որպես «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի դրույթների կիրառության մշտադիտարկում իրականացնող պաշտոնատար անձ, հատուկ ընդգծում է հաշմանդամություն ունեցող անձանց համար պետության կողմից համայնքահեն ծառայությունների տրամադրման ուղղությամբ գործուն քայլեր ձեռնարկելու, կառուցվածքային բարեփոխումներ իրականացնելու և համակարգված մոտեցում որդեգրելու անհրաժեշտությունը: