Նոյեմբերի 4-ից կմեկնարկի Էկոպարեկային ծառայության համալրման գործընթացը։
Հոկտեմբերի 29-ին Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն այցելել է Էկոպարեկային ծառայություն՝ տեղում քննարկելու ոլորտի առանցքային բարեփոխումներից՝ էկոպարեկային ծառայության ստեղծումը և դրա կայացման ընթացիկ իրավիճակը։ Նախարարին այցի ընթացքում ուղեկցել է նախարարության գլխավոր քարտուղար Սերգո Աթանեսյանը։
Նախարարն աշխատանքային հանդիպում է ունեցել Էկոպարեկային ծառայության ղեկավար կազմի ներկայացուցիչների հետ,որի ընթացքում ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանը հանդես է եկել զեկույցով՝ ներկայացնելով ընթացիկ աշխատանքները և արդեն իսկ գրանցած արդյունքները։
Ծառայության գործարկմամբ կարգավորվում է պետական անտառներում, անտառային հողերում և բնության հատուկ պահպանվող տարածքներում պահպանության իրականացման օրենսդրությամբ սահմանված գործառույթը։
Ծառայության գործարկմամբ պետական անտառների, անտառային հողերի և բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանությունը պետք է իրականացվի 24/7 ռեժիմով, ինչպես նաև ծառայողին իրավունք վերապահվի արձանագրված օրենսդրության խախտումների դեպքերով կազմելու վարչական իրավախախտման արձանագրություններ և հարուցելու վարչական վարույթ, իսկ հանցակազմ պարունակող իրավախախտման դեպքերով էկոպարեկային ծառայության օրենսդրության խախտումների համար համապատասխան լիազոր մարմնին միջնորդություն ներկայացնել՝ անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ։

Նախարարն իր խոսքում ևս մեկ անգամ կարևորել է ծառայության կայացումը՝ նշելով, որ այս ծառայության կայացումը և բնության հատուկ պահպանվող տարածքների ու անտառների արդյունավետ պահպանությունը ոչ միայն Շրջակա միջավայրի նախարարության համար է ոլորտային առաջնահերթություն, այլև՝ ՀՀ կառավարության։