Մի հարցում միանշանակորեն կոմպրոմիս չկա. դա պետական միջոցների յուրացում, վատնում, փոշիացում և այլ եզրույթներն են, այդտեղ կոմպրոմիս չկա: Այդ մասին այսօր Ազգային ժողովում 2025 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց Պետական վերահսկողության ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը՝ անդրադառնալով անբարեխիղճ կապալառուների պատճառով պետական միջոցների վատնմանը:
«Ուզում է՝ շինարար չմնա մեր երկրում, եթե (գրոտեսկի վերածեմ) բոլորը գողացող են, ուրեմն բոլորը պիտի դատվեն, ու շինարարությունը կասեցնենք:
Բայց մյուս կողմից էլ, այո՛, մեդալը երկու երես ունի: Եթե անբարեխիղճ կապալառուների պատճառով տուժում են պետական ծրագրերը, կառավարության ծրագրի իրագործումը և բյուջեի կատարումն են նաև այդտեղ տուժում: Բայց իրավակարգի պահանջն է, նաև մեր լիազորություններն ու պարտականությունն է պետական միջոցների օգտագործման արդյունավետությունը և օրինականությունը վերահսկելը»,- ասաց նա: