Լեհաստանի Ռաշին քաղաքում շարունակվում է ծանրամարտի մինչև 20 ու 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը։ Այսօր Հայաստանի հավաքականի կազմում Եվրոպայի չեմպիոնի կոչումն է նվաճել երիտասարդների աշխարհի չեմպիոն Էմմա Պողոսյանը։
Մինչև 20 տարեկան աղջիկների կամ կանանց մրցումներում մեդալների համար պայքարի մեջ մտան մեր հավաքականի երկու ծանրորդներ՝ Էմմա Պողոսյանը և Ալինա Սուքիասյանը։
Պոկում վարժությունում Էման իրացրեց երեք մոտեցումն էլ, ու վերջնական100 կգ արդյունքով նվաճեց ոսկե փոքր մեդալը, իսկ Ալինան 93 կգ արդյունքով հինգերորդն էր։
Հրում վարժությունում Էմմա Պողոսյանը սկսեց իր ելույթները, երբ մյուս բոլոր մասնակիցները արդեն ավարտել էին իրենց մոտեցումները։ Ալինա Սուքիասյանը միայն մեկ մոտեցում իրացրեց ու բարձրացնելով 109 կգ՝ երկամարտում 202կգ արդյունքով զբաղեցրեց հինգերորդ տեղը։
Էմմա Պողոսյանը առաջին մոտեցման ժամանակ բարձրացնելով 118 կգ՝ 218 կգ ընդհանուր արդյունքով ապահովեց չեմպիոնի կոչումն ու նաև ոսկե մեդալը հրում վարժությունում։ Այսինքն մեր 18 ամյա մարզուհին նվաճեց ինչ հնարավոր էր, իսկ հետո հրաժարվեց հաջորդ երկու մոտեցումներից։
Այս պահին Հայաստանի հավաքական թիմերը Եվրոպայի առաջնությունում երկամարտում արդեն նվաճել են 7 ոսկե և մեկ արծաթե ու 2 բրոնզե մեդալներ։